Foto

Հայաստանի ներկայիս վարչակազմն ամեն ինչ անում է Հայաստան-Սփյուռք գործակցությունը թուլացնելու և հիմնահատակ ջարդելու ուղղությամբ. Վահագն Մելիքյան

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հոդվածը
Կասկածից վեր է, որ այսօրվա Հայաստանում ստեղծված և օրըստօրե խորացող ճգնաժամային իրավիճակը չէր կարող իր հետքը չթողնել նաև Հայկական սփյուռքի վրա։ Հայաստանի վերանկախացումից ի վեր, ցավով պետք է արձանագրենք, որ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների ճնշող մեծամասնությունը երբեք այսքան օտարված, անտեսված, հեռացված ու մեկուսացած չի զգացել իրեն։ Օրվա իշխանությունների կողմից վերջին տարիներին իրականացված ու շարունակական բնույթ կրող բաժանարար գծերի ու պառակտիչ քաղաքականությունը հասել է նաև հայկական տարբեր համայնքներ՝ բոլոր հնարավոր բացասական հետևանքներով։ Խախտվել է հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում իրականացվող աշխատանքային հարմոնիան, զրոյացվել է Հայկական աշխարհի ցանցային հնարավորությունների օգտագործման գործիքակազմը, բոլոր հնարավոր և անհնար միջոցներով տարաբնույթ արգելքներ ու պատնեշներ են դրվել սփյուռքյան տարբեր ազգային կառույցների առջև, իսկ իշխանությունների վարած հակազգային ու պարտվողական քաղաքականության քննադատները հայտնվել են Հայաստանում անցանկալի անձանց (persona non grata) ցուցակում։ Եվ որքան էլ աբսուրդային թվա այս ոչ բնական իրավիճակը, այնումենայնիվ, իշխանությունների կողմից գիտակցված և ծրագրված, իր էությամբ հակահայկական ու զիջողական դիրքորոշման կարևորագույն մասն է կազմում։ Վստահ եմ, չեք մոռացել տարիներ առաջ, ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականության հայտնի ճարտարապետներից մեկի՝ Ահմեդ Դավութօղլուի հայտնի մոտեցումը, որ հայ-թուրքական մերձեցման ճանապարհին հիմնական խոչընդոտը հայկական սփյուռքն է։ Հայաստանի ներկայիս վարչակազմն իր հետևողական ջանքերով ամեն ինչ անում է երեք տասնամյակից ավել, տարաբնույթ վայրիվերումներով անցած, սակայն ժամանակի փորձությանը դիմացած և արդեն իսկ ձևավորված, ինչու ոչ նաև կարծրացման իր հստակ ճանապարհը բռնած Հայաստան-Սփյուռք գործակցությունը թուլացնելու և արդյունքում հիմնահատակ ջարդելու ուղղությամբ՝ դրանով իսկ, ինչպես արդեն բազմիցս ականատեսն ենք եղել, բավարարելով Հայաստանի անթաքույց ոխերիմ երկու հարևանների պահանջների անվերջանալի ցուցակի առանցքային կետերից մեկը։ Նպատակը հայտնի է. ունենալ հնազանդ, չանհանգստացնող, իներտ, իշխանությունների քիմքին հաճո, որոշ դեպքերում՝ վարած քաղաքականությունը փառաբանող, գործողություններին ծափահարող և ցանկացած պարագայում մանիպուլացվող մարդկանց ներկայություն՝ պատեհ առիթի դեպքում մատնացույց անելու համար, որ սփյուռքի տարբեր շրջանակների հետ ակտիվ գործունեություն է ծավալվում։ Սա, վարչախմբի ղեկավարի կողմից հռչակված իրական, սակայն իրականության մեջ անմիտ, անբովանդակ, ազգային երազանքներից ու տեսլականներից զուրկ, ամուլ ու ծնկած Հայաստանի պատկերն է՝ իր անհոդաբաշխ փաթեթավորման մեջ, ինչն անպատկառ ձևով այսօր դրված է քննարկման՝ անհասկանալի, իսկ առանձին դեպքերում նաև հասարակությանը քաջ հայտնի ու պալատական սազանդարի կեցվածքով ուրացող կերպարների ներգրավմամբ։