Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ Տավուշի մարզում հետևել է պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: Այդ մասին տեղեկանում ենք Դավիթ Խուդաթյանի Ֆեյսբուքի էջից:
«Մարզպետ Հայկ Ղալումյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել ենք մի շարք աշխատանքների կատարման ընթացքը:
Առաջին կանգառը Դիլիջանի Գետափնյա փողոցն էր, որը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով:
Աշխատանքներն ակտիվ փուլում էին: Այնուհետև այցելեցինք Իջևան, որտեղ Երևանյան նրբանցքում նախ դիտարկեցինք փողոցների տուֆապատման աշխատանքները, որոնք ավարտական փուլում են, ապա Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցների ասֆալտապատման միջոցով բարեկարգման աշխատանքները:
Կանգառ կատարեցինք նաև պետական բյուջեի միջոցներով կառուցվող Գանձաքար-Իծաքար ճանապարհին:
Քարի կամրջի մոտ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Արմեն Զոհրաբյանի և այլ պատասխանատուների հետ քննարկեցինք պատմամշակութային արժեք համարվող հին կամրջի պահպանման և նորի կառուցման հետ կապված մանրամասները:
Սահմանամերձ Այգեհովիտում եղանք նաև պետական աջակցությամբ կառուցվող տներում: Միայն այս սահմանամերձ բնակավայրում 16 մլն դրամ աջակցությամբ 150 բնակելի տուն է կառուցվում»,- գրել է նախարարը: