Foto

Եթե լրատվականներն են ստում, ապա հայցի ապահովմամբ ի՞նչը պետք է կասեցնել

Իրականությանը չեն համապատասխանում մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Արդարադատության նախարարության կողմից վերջերս հանրային քննարկման ներկայացված Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը միտված է սահմանելու, որ քաղաքացին նախ վճարի տուգանքը, ապա կարողանա դատական կարգով վիճարկել այն: 

Այս մասին հաղորդագրություն են տարածել ՀՀ արդարադատության նախարարությունից։

Այսինքն՝ նախարարությունը կարծում է, որ եթե քաղաքացին կարող է դատարանին միջնորդել, որ կասեցնի տուգանքի վճարումը և հիմանավորի, որ այդ վճարումն իր համար կարող է խնդիր առաջացնել, դա նշանակում է, որ օրենքի կարգը պրատադիր չէ՞։

Հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելու համար կան դատավարական պարզ կանոններ։ Նախ պետք է հայցը վարույթ ընդունել։ Կախված հայցից՝ դատարանը հայցը վարույթ է ընդունում միջինում 14 օրվա ընթացքում։ Վարչական ակտը 14 օր չվճարելու դեպքում սահմանված է տույժ, որը հետագայում վճարելու է քաղաքացին։ Եթե քաղաքացին նույնիսկ հայցադիմումին զուգահեռ ներկայացնում է հայցի ապահովում կիրառելու միջնորդություն, ապա դրա համար կրկին գործում է 10 օրյա ողջամիտ քննության ժամկետ։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ դատավարական ժամկետներն էական խախտվում են։ Եթե նախարարությունը գտնում է, որ կարող է տեղի ունենալ կասեցում, ապա օրենքը կիրառելի է:

Քաղաքացին հայցի ապահովում կիրառելու միջնորդություն միշտ և բոլոր գործերով կարող է ներկայացնել դատարան։ Այսինքն սա բացարձակ նորություն չէ, այլ՝ հերթական մանիպուլացիան։ Մինչ այս փոփոխության նախագիծը՝ եթե ակտը բողոքարկվում էր,  ապա արդեն իսկ կասեցվում էր դրա կատարումը։ Հիմա ստացվում է, որ դատավարական միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը նախարարությունը ներկայացնում է, որպես արտոնություն և բարի կամքի դրսևորում, բայց վերացնում է ամենապարզ ընթացակարգը։ Օրինակ՝ ճանապարհային իրավախախտման 20 000 դրամանոց ակտը 150 000 դրամ աշխատավարձ ստացող անձն ինչպե՞ս կարող է հիմնավորել, որ իր ընտանիքի մի քանի օրվա սննդի գումարն է։ Եթե նախարարությունը վերընթերցեր կամ հաշվի առներ հայցի ապահովում կիրառելու իրավական հիմքերը, ապա նման հաղորդագրություն հավանաբար չէր տարածի։

Այս պահին փաստացի կա նախագիծ, որով վարչական իրավախախտման ակտը պետք է վճարվի նույնիսկ վիճարկման փուլում։ Նախարարությունն ընդամենը ներկայացնում է դատավարական իրավունքներից մեկը, ըստ որի հնարավոր է ինչ-որ փուլում կասեցնել կատարումը, որը չի ենթադրում, որ իրենք նախագծով այլ բան են գրել և լրատվականների գրածը չի համապատասխանում իրականությանը։

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան