Ապրիլի 1-ին ընդառաջ, բռնի տեղահանված արցախցիների շրջանում մտահոգությունների մեծ ալիք է բարձրանում, ինչը պայմանավորված է սոցիալական ծրագրերի էական կրճատմամբ և հոգեբանական վիճակի խորացող դրսևորումներով, գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Տարբեր առիթներով նշել եմ, որ Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունն իր հետ բերել է ոչ միայն մարդկային մեծ կորուստների, տեղահանության ու սոցիալական բարդությունների, այլև հոգեբանական հարվածների, որի հետևանքները ոչ միայն հաղթահարված չեն, այլև դրանք որոշակի ուղղություններով առավել ծայրահեղ դրսևորումների են բերել:
Հայաստանի իշխանությունը հետևողականորեն շրջանցում է բռնի տեղահանված մեր հայրենակիցների ծանր ապրումներն ու վիճակը և առաջնորդվում է բացառապես սեփական պատկերացումներով, որտեղ հայրենիքի կորստի, մարդկային ողբերգության ու սերունդների ապագայի մասին որևէ բան գոյություն չունի», - նշել է Աբրահամյանը։