Անընդունելի, որ հայ ռազմաքաղաքական ղեկավարներ կարող են գտնվել թշնամու բանտում, ինչպես ասել ենք, դա բոլորիս բանտարկությունն է, մեր պատվի բանտարկությունն է։ Այս մասին՝ զրույց քաղաքացիների հետ ձևաչափի շրջանակներում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը;
Անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով փոխանցած աուդիոուղերձին՝ նա նշեց, որ բոլորիս, ցնցեց Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունը։
«Հուսամ՝ այդ ուղերձը նաև մտածումի, վերագնահատելու, հասկանալու առիթ է տվել։
Ռուբեն Վարդանյան խոսում էր ճիշտ այն արժեքների մասին՝ ինքնազոհողությունից սկսած և նաև սեփական կյանքով վճարելու և հաղթանակ կերտելու մասին։
Մարդիկ եղան, որ սկսեցին քննարկել, թե ինչպիսին էր, որտեղ էր, երբ էր, ինչ կերպով էր այդ ձայնագրությունը և այլն, ինչու՞, որպեսզի պատսպարվեն, որպեսզի սեփական մեղքը կամ սեփական անպատվությունը չընդունեն, որպեսզի սեփական ներդրումը, ինքնազոհողությունը կոծկեն ինչ որ ձևով, բայց խոսեն արտաքին ինչ-որ բաների մասին, թե ինչպես տեղի ունեցավ այդ ձայնագրությունը։
Մինչդեռ այդ ուղերձի բովանդակությունը վերաբերում է «ազատության» մեջ գտնվող յուրաքանչյուրին, վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին՝ մտածելու մեր ապրած կյանքի մասին, հենց այս օրերի, այս ժամին ապրած կյանքի մասին, մեր պատվի մասին, արժանապատվության մասին, Աստծո սիրո մասին, մեր երազների մասին»,- ասել է Սրբազանը:









