Բաքվի շինծու դատավարությունը, շնորհիվ քավության նոխազ դարձած հայազգի ռազմագերիների, թերևս, ամբողջովին խառնեց թուրք-ադրբեջանական քաղաքականության խաղաքարտերը: Նրանց կեղծիքները փաստարկված ու համարձակ կեցվածքով մերկացվում, իսկ մեղադրանքները հրապարակայնորեն հերքվում են, այս մասին գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Անսալով անմարդկային կտտանքները և տարրական նորմերի բացահայտ ոտնահարումներով դատավարություն կոչված ֆարսը, մեր հայրենակիցները կարողացան դրսևորել անհրաժեշտ տոկունություն և հուսախաբ անել այդ անհատների կոտրվելն ակնկալող իրական թուլամորթներին: Զնդանում գտնվող ռազմագերիներից ոմանք անգամ մեզ են դիմում՝ տոկուն լինելու ակնկալիքով:
Մեր խորին երախտագիտությունը նրանց բոլորին:
Մի վերապահում՝ ինչպես և ակնկալվում էր, «մեղադրող» կոչված կողմը, մեղադրանքի առանձին կետեր իբր հիմնավորելու նկատառումով, չի զլանում և հաճախ հղումներ է անում մեր գործիչների հայտարարություններին, ինչը վերջապես պետք է սթափեցնի բոլորիս և հուշի, որ հարկ է ձեռնպահ մնալ այդ մարդկանց առնչվող մտքերը՝ ներքին քաղաքականության նյութ դարձնելու գայթակղությունից, սա է իրական «չվնասելու» սկզբունքը:
Աստված պահապան մեր ռազմագերիներին»,- նշել է նա։