Foto

Մի քանի հուշում կառավարությանը, թե ցանկության դեպքում ի՞նչ կարող է անել հայ գերիների համար

Արդեն 15 օր է Բաքվի բանտում հացադուլ է հայտարարել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող հայերի առողջական և հոգեբանական վիճակը չափազանց խնդրահարույց է։ ՀՀ կառավարությունը սահմանափակվում է երբեմն-երբեմն հայտարարություններով՝ վերահաստատելով, թե մտահոգված են, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները գտնվում են Բաքվի բանտում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ խուսափում է ասել, որ դատավարություն կոչվածը շինծու է, կեղծ է, ոչ մի իրավական հիմք չունի։ Այն ինչի մասին գիտեն և խոսում են բոլորը։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ մարդիկ այնտեղ են միայն նրա համար, որ հայ են։

ԱԺ-ում ուղիղ հարցին, թե ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդայանին և մյուս ռազմագերիներին վերադարձնելու համար, Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ խաղաղության պայմանագիր ունենալու ջանքերն արդեն գործիքակազմերից մեկն է, որով զբաղվում է ՀՀ կառավորությունը։ Ընդ որում՝ վարչապետն այն խաղաղության պայմանագրի մասին է խոսում, որտեղ իր ԱԳ նախարարը հայտարարում է, որ գերիների վերադարձի մասին կետ չի քննարկվում։ Ինչպես նաև այն պայմանագրի մասին է, որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել։

«Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որոնք հայտարարություններից այն կողմ կարող են նպաստ բերել խնդիրների լուծմանը։ ՀՀ վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլև ՀՀ պետական շահերի և ՀՀ քաղաքացիների շահերի վրա, այդ թվում՝ համաչափորեն, խելամիտ ձևով կենտրոնանալ նաև մեկ անձի խնդիրների լուծման վրա»։ Հավանաբար Փաշինյանը սրա մասին չէր մտածում այն ժամանակ, երբ յուրաքանչյուր 15 գերու դիմաց ականապատ դաշտերի քարտեզներ էր նվիրում ադրբեջանցիներին։

Առհասարակ, եթե որևէ մեկին վստահում են ինչ-որ աշխատանք կատարել և դա իր աշխատանքային պարտականության մաս է կազմում, ավելին՝ ինքն է համաձայնվում ստանձնել այդ պարտավորությունը, ապա պետք է իմանա ինչ անի և, ամենակարևորը, արդյունք ունենա։

Հիմա ստացվում է, որ վարչապետը գիտի, որ գերիների հարցով զբաղվելն իր պատականությունն է, բայց չգիտի ինչպես դա անել։ Դա առնվազն ցուցիչ է, որ պետք է փոխել աշխատանքը թերի կատարողին, որ չգիտի ինչպես կատարել իր պարտականությունը, որն ինքնակամ է ստանձնել։

Բայց քանի որ ՀՀ վարչապետին և կառավարությանը վստահված են անսահման սխալվելու շանսեր՝ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները,  Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպանը վարչապետի հետ կիսվել է իր փորձով և օրինակ բերել, թե ինչ կարող է անել նա հայ ռազմագերիների համար։

«Իմ նամակում նշված են կետեր, որոնք հիմնված են բացառապես այն օրինակների վրա, թե ինչ են արել մյուս կառավարություններն իրենց պատանդներին ազատելու համար՝ իմ 25 տարվա աշխատանքի ընթացքում։ Անշուշտ, հայ պատանդներն արժանի են նույնպիսի օգնության, ինչպիսին տրամադրում են մյուս կառավարությունները, այնպես չէ՞»,– գրել է Գենսերը։

Նա օրինակ է բերում մի դրվագ, երբ ներկայացրել է Իրանում 2 ամերիկացի պատանդի շահերը (հայր ու որդի են եղել)։ Փաստաբանը նշում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը պարբերաբար հանդիպում էր այդ անձանց ընտանիքի հետ, Իրանում Շվեյցարիայի դեսպանատանը կար ԱՄՆ շահերի պաշտպանության բաժին, որը հանդես էր գալիս բանտերի պայմանների բարելավման օգտին ու փորձում էր վերահսկել դատական գործընթացը։ Բացի այդ, նախագահն ու պետքարտուղարը հրապարակավ ելույթ են ունեցել այդ թեմայով, ԱՄՆ դիվանագետներն էլ հարցը ՄԱԿ–ում են բարձրացրել։ Այնուհետև ԱՄՆ–ն դիմել էր կրոնական առաջնորդների աջակցության համար, պատժամիջոցներ սահմանել ԻԻՀ պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են պատանդ վերցնելու համար։ Արդյունքում այդ անձինք հայտնվեցին ազատության մեջ։

«Այս ամենը խելամիտ և համաչափ էր Միացյալ Նահանգների համար, սակայն ի զարմանս ինձ, Հայաստանը դրանցից ոչ մեկը չի արել Ադրբեջանում հայ պատանդների համար»,- գրել է Գենսերը։

Այս ամենի փոխարեն ԱԺ-ում ՀՀ ՄԻԵԴ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարում է, որ մամուլից լուսանկարներ են վերցնում և ուղարկում ՄԻԵԴ, ապա տեղեկություններ խնդրում գերիների մասին ու փոխանցում հարազատներին և վերջ։ ՄԻԵԴ-ում գերիների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտարարում է, որ նրանց պահման պայմանները բարելավվել են այն դեպքում, երբ մարդը հացադուլ է անում և հրապարակված լուսանկարներում երևում են խոշտանգման կադրեր։ ՀՀ կառավարությունն այս փուլում այնքան լուռ է, որ Ռուբեն Վարդանյանի տղան տեսաձայնագրությամբ դիմում է ՀՀ իշխանությանը և խնդրում է օգնել հորը։ ԱԺ նախագահը մեկ այլ առիթով հայտարարում է, թե իր համար գերիները գոյություն չունեն։  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ Ռուբեն Վարդանյանը ժամանակին իր արած հայտարարությունների համար է պատասխան տալիս, ՀՀ ՄԻՊ-ը դեռ միայն մտահոգություն է հայտնում, ԱԳ նախարարությունն էլ Ադրբեջանին հորդորում է լուսանկարներ չհրապարակել, որ հանրային զայրույթ չառաջանա։

Այս ամենը վկայում է այն մասին, որ այո՛, ՀՀ կառավարությունը չգիտի ինչ անել, այդ աշխատանքը կատարելու համար բավականաչափ պրոֆեսիոնալ չէ, ուստի կարող են ազատել այդ պաշտոնները կամ օգտվեն հուշումներից, թե ինչ անեն։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել, որը շարունակվում է մինչ այս պահը։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան