Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Զենքի
շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի զենքով պարգևատրված կամ զենքով պարգևատրված համարվող բոլոր
անձինք պարտավոր են մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
ներկայացնել պարգևատրական զենքերը, այդ թվում՝ մեկից ավելի անգամ պարգևատրված լինելու
դեպքում՝ երկրորդ և հաջորդ միավոր բոլոր պարգևատրական զենքերը։
Որպես հիմանավորում իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական
հարթակում նշված է, որ նախկինում հստակեցված չեն եղել այն անձինք, ովքեր կարող էին պարգևատրվել
և, հասրակության անվտանգությունից ելնելով, դրանք վերայանվում են և համապատասխանեցվում
այս պահին գործող օրենսդրությանը։
Խնդիրն այն է, որ այս փոփոխությունը հակասում է այն պահին գործող օրենսդրությանը՝
«Զենքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3.1-րդ մասի ուժով՝ որպես պարգև տրված զենքը պարգևատրվողին է հանձնվել սեփականության իրավունքով, ընդ որում՝ հետո կարող էր ժառանգվել։
Իսկ ՀՀ քաղաքացու սեփականությունը հարկադրաբար վերցնելու հիմքերը
սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածով։
Ստացվում է քաղաքացու սեփականությունը ստուգվում է, վերանայվում, և օրենքի նախագիծ մշակող մարմինը ևս մեկ անգամ կարող է գնահատական տալ, թե տվյալ անձն
արժանի՞ է այդ պարգևին, թե՞ ոչ։
Օրենքի նախագծում, որպես հակիճ բնութագրում, հստակ նշված է․ ««Զենքի
շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝
առավել բարձր մակարդակ, զենքով պարգևատրման գործընթացը դարձնել առավել օբյեկտիվ և որոշակիացված,
բացառել զենքով պարգևատրման անկանխատեսելի և երկակի իրավական մոտեցումները, ինչպես
նաև հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում պարգևատրական զենքերի կարգավիճակը»։
Այսինքն՝ ՆԳՆ-ն այսքան
հանցագործությունների, ապօրինի զենքերի շրջանառության այս քանակի, գողությունների ու
սպանությունների ֆոնին, պոտենցյալ հանցագործ է տեսնում ՀՀ պետության կողմից զենքով
պարգևատրված անձանց մեջ։ Այսինքն՝ անձը, ով պետության կայացման գործում այնքան ավանդ
է ունեցել, որ երկրի բարձրագույն մարմինը նրան պարգևատրել է զենքով, կարող է վտանգավո՞ր
լինել։ Սա դեզի մեջ ասեղ փնտրելուն է նմանվում։ Իսկ իրականում գուցե՞ իշխանությունն այդ անձանց պետականամետ գործունեությունը սեփական
իշխանության համար սպառնալի՞ք է դիտարկում և հենց դրա համար է, որ, նույնիսկ օրենքի
2 դրույթ խախտելով, մեկ է՝ գնում նման նախագիծ բերելու ճանապարհով։









