Foto

Տնտեսվարողների մտահոգություններն ու կառավորության հերթական մանիպուլացիան

Կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողներն այսօր՝ մարտի 3-ին, հերթական բողոքի ակցիան են իրականացնում: Մասնակիցները թիվն ավելի շատ է քան նախորդ անգամ։

«Սայթերով տարածում են, թե մեզ ընդառաջել են, բայց սուտ է։ Ոչ մի հետաձգում չկա, օրենքի քննարկում չկա։ Մեր խնդիրը ընդհանրապես չի լուծվել։ Այսօր գործարարաների օրն է, մենք գործադուլի ենք դուրս գալիս՝ կառավարության անպատասխանատու պահվածքի պատճառով»,-ասաց շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողներից մեկը:

Հունվարի 1-ից շրջանառության հարկը կրկնակի բարձրացել է՝ 5 տոկոսից դառնալով 10 տոկոս:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նրանց ընդունել էր ՊԵԿ փոխնախագահ Վրեժ Մխիթարյանը: Դրանից հետո կառավարությունը խոստացավ փոփոխություն կատարել և հարկային բեռի ավելացում ենթադրող որոշումը հետաձգել 6 ամսով:

Տնտեսվարողներն էլ այլ պնդում ունեն․ «Իրենք ասում են՝ երկու եռամսյակը 10 տոկոսով կվճարեք, հետո հետ կտանք, դա էլ է սուտ, խաբեություն է, պարզապես իմացան, որ այսօր ավելի մեծ հավաք պետք է լիներ, ստերով մեր հավաքը փորձեցին տապալել»,- ավելացում է տնտեսվարողը։

Այս փոփոխությունը, որն էլի բազմաթիվ մարդկանց է փողոց հանել և որը ճնշելու համար իշխանությունն էլի գնում է մանիպուլացիայի ծանոթ ուղիներով՝ արդեն իսկ խնդրահարույց է։ Փոքր և միջին բիզնեսը Հայաստանում  ամեն օր փակվում է, տնտեսվարողներն ունեն բազմաթիվ վարկեր, տուգանաքներ և տույժեր։ Նոր լիցենզավորման գործընթացները, անկանխիկ աշխատելու բոլոր որոշումները ֆինասական խնդիրներ են առաջացնում տնտեսվարողների համար և հիմա էլ հանկարծ 100 տոկոսով թանկանում է մեկ այլ հարկատեսակ՝ շրջանառության հարկը։ Որոշներն՝ արդեն իսկ հաշվարկելով, որ չէին կարողանալու աշխատել, փակեցին իրենց փոքրիկ բիզնեսները՝ տարածքները վարձակալության հանձնելով կամ վաճառելով: Որոշներն էլ դեռ պայքարում են՝ նշելով, որ արդյունավետ չէ։ Բացի այդ, քաղաքացիները սկսել են ավելի քիչ առևտուր անել՝ նույն մարդիկ, ընտանքում նույն քանակով ապրելով, ավելի քիչ սնունդ են գնում՝ խնդիրը նկատում են տնտեսվարողները։

«Մարդկանց համար ամեն ինչ թանկացրին, հիմա սկսել են քիչ հաց ուտել։ Նույն ընտանիքը, որ միշտ 4 հատ հաց էր առնում օրական, հիմա 2 հատ է առնում։ Չեն կարում ապրեն այս ժողովուրդը։ Իմ համար հարկը թանկացրել է, ինձ ապրանք բերողի համար թանկացրել է, առևտուր անողների համար էլ ուրիշ հարկեր է ավելացրել»,- հիմա ստիպված մենք էլ ենք թանկացնում ու էլի մարդիկ են տուժում։ Որ հացը 200 դրամ է՝ երեք հատ առնում են 600 դրամ են վճարում, հիմա այդ 600 էլ չունեն՝ գույքահարկի են տալիս, հացն էլ 250 է դարձել՝ 2 հատ են առնում: Որ դարձնեմ 300 երևի ասեն կիսեք 1,5 տվեք»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց  մասնակից կանանցից մեկը։

Պետությունը, ինչպես և տրանսպորտի հարցում՝ կատարում է մեծ թվի բարձարացում և հետո, երբ բողոքի ալիք է բարձրանում, շեմը քիչ-քիչ իջեցնում է։ Զարմանալի չի լինի, որ շուտով 10 տոկոսը դառնա 8 կամ 7, սակայն արդյունքում 2-3 տոկոս էլի բարձրացում կլինի։

Փոքր և միջին բիզնեսին մի շարք արտոնություններ խոստացող քաղաքական ուժը հիմա ամեն կերպ նրանց դարձնում է տուգանքի մատերիալ, որի արդյունքում էլ մեծացնում է արտագաղթի թիվը։ Մարդիկ պարազապես պատրաստվում են վաճառել իրենց բիզնես և լքել երկիրը։

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան