Ես երբեք չեմ ասել, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, ես ասել եմ, որ այդ ամենը իրավական գնահատականի արժանացնելու խնդիր կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ քիչ առաջ Փաշինյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հարգանքի տուրք մատուցեցին Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին:
«Ուզում եմ ասել, որ վերջին շրջանում տեղի է ունեցել Քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է նաև ժամանակին, երբ քննարկել ենք Գլխավոր դատախազի թեկնածությունը, Մարտի 1-ի գործի բացահայտումը և այդ գործի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկերներին և լինելու է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկերներին առաջադրել եմ։ Ըստ էության, տեսեք, ինչ, ինչ է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել հետևյալը՝ բռնի ուժով՝ բանակի ներգրավմամբ, հանցավոր խմբավորումների ներգրավմամբ, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ՝ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում և տեղի են ունեցել սպանություններ։ Դա բացահայտված է, այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով ընթացք ստանա, իրավական գնահատական ստանա, բայց էլի եմ ասում, դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները»,- հայտարարեց Փաշինյանը։
Դիտարկմանը, որ 17 տարի անց մարդիկ միայն տեսնում են պաշտոնատար անձանց դատարանում, թե ով է կրակողը և ինչ եղավ այդ ներքին օղակներում՝ այդպես էլ հարց մնում է, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով, որ գործերը պետք է բացահայտվեն այնքան, ինչքանով դա հնարավոր է բացահայտել։









