«Տղե՛րք ջան, բարև ձեզ, Վահեն ա ձեր հետ խոսում։ Տղե՛րք ջան, ուրեմն լսեք, ցավդ տանեմ, եթե չեն վճարում, ընդհանրապես չեք քշում, չեք շարժվում տեղից, կանգնեք, մի՛ քշեք, մինչև չվճարեն։ Էն որ ստից «դռռցնում ա», վերցրե՛ք կտրոնը, նայե՛ք, որ չխաբեն ձեզ, ոչ մեկս էշ չենք, մենք ուզում ենք գնանք արդար նպատակի։ Ով «վիզ դրեց» չվճարողների դեմ, ես իրան պատասխան եմ տալիս իր աշխատանքով, եկեք պայքարենք թող վճարեն»։ Առաջին հայացքից տպավորություն է, որ խոսակցությունը երկու քաղաքացու միջև է, բայց իրականում սա հատված է Երևանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ ղեկավար մարմնի ներկայացուցիչի և ավտոբուսների վարորդների միջև։ Նման մի քանի ձայնագրություն է իր էջում հրապարակել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը և կից գրել․ «Այս ձայնագրությունը ապացուցում է ավինյանական նվաստ պահվածքը քաղաքացիների հանդեպ։ Ձայնագրության մեջ ոմն սանձարձակ իրեն թույլ է տվել լկտի արտահայտություն երեխաների հանդեպ։ Պետք է պատասխան տան նման հրահանգ տվողները»։
Փաստացի այս ձայնագրությունները
գալիս են ապացուցելու, որ Երևանի քաղաքապետարանը վարորդներին դարձնում է վահան իրենց
որոշումների և քաղաքացիների միջև։ Այսինքն՝ երևանցի վարորդը պետք է վիճի մյուս երևանցու
հետ՝ միայն այն պատճառով, որ քաղաքային իշխանությունն իր որոշումները կարողանա իրականություն
դարձնել։ Ինչո՞ւ իրազեկումն այն մակարդակի վրա չէ, որ քաղաքացի-քաղաքապետարան խնդիրը
չլուծվի վարորդ-քաղաքացի հարաբերությամբ։
Այս արտահայտություններն
ուղղակի գալիս են ապացուցելու, որ քաղաքային իշխանությունը չի հարգում երևանցիներին,
իրենց քվե տված և չտված անձանց։ Վարորդը մեքենան վարելու գործառույթ ունի, չքշել չի
կարող, իսկ քաղաքային իշխանությունը պիտի հասկանա, որ իրենց կառավարումից, որոշումներից
դժգոհ և բոյկոտող քաղաքացիները ևս քաղաքացի են և նրանց պետք է հարգել, ընդունել այնպիսին,
ինչպիսին կան։ Նրանց քննադատությունները և բողոքը ևս պետք է լսել։ Իսկ չվճարող երեխաների
մասին հատուկ անհարկի շեշտադրումները պարզապես խոսում են քաղաքային իշխանության, այդ
արտահայտություններն անող անձանց մարդկային որակների մասին։
Երևանի ավագանու «Մայր
Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ այս
իշխանության դեպքում նման վարքագիծը սպասելի էր, և այս դեպքը զուտ ապացույց է այն ամենի, ինչի մասին խմբակցությունը բարձրաձայնում էր տևական ժամանակ։
«Սա նաև նշանակում
է, որ բոյկոտը ստացվում է և քաղաքային իշխանությունը չի կարողանում հավաքագրում իրականացնել,
բացի այդ, իրեն չի արդարացնում հսկիչի ծառայությունը։ Քաղաքացիները մեզ ահազանգում
են, որ հսկիչները երբեմն ալկոհոլի ազդեցության տակ են աշխատանքի գալիս։ Քաղաքացիները
կույր չեն և հսակ տեսնում են իրենց վատ կառավարումը և այն, որ իրենց ձախողումները փորձում
են բարեփոխման անվան տակ ներկայացնել։ Բոլորի համար էլ տեսանելի է, որ քաղաքային տրանսպորտը
բերփոխված չէ, կանգառասրահները կահավորված չեն, օրվա պիկ ժամերին հնարավոր չի լինում
տրանսպորտից օգտվել, աշխատում են գերբեռնված, անվերահսկելիության պատճառով ավտոբուսները
կանգնում են երթևեկելի հատվածում և խցանում առաջացնում։ Այսինքն՝ իրենք քաղաքային տնտեսության
կառավարումն ամբղջությամբ ձախողել են»։
Սոնա Աղեկյանն անդրդարձավ
նաև դպրոցահասակ երեխաների մասին արված արտահայտություններին և նշեց, որ դա ցույց է
տալիս քաղաքային իշխանության փողասիրությունը և շահամոլությունը։ «Անկախ այն հանգամանքից,
որ դպրոցահասակ երեխան գուցե չի հասցրել գումար վերցնել կամ ծնողը չի ունեցել գումար,
միևնույն է պահանջում են։ Այս արտահայտություններով ևս մեկ անգամ արձանագրում ենք,
որ քաղաքային իշխանությունը կոմպետենտ չէ ականջալուր լինել քաղաքացիների խնդիրներին
և փորձում է նրանց դարձնել միայն «տուգանքի մատերիալ»։ Իրենց գերշահույթներն ապահովելու
համար նույնիսկ անցնում են դպրոցահասակ երեխաների ինքնասիրության վրայով։ Այն երեխան,
ով այսօր գումարի պատճառով մնում է ավտոբուսի դռներից դուրս՝ ի՞նչ զգացողությամբ է
վաղը կանգնելու սահմանին և իրեն վիրավորած ավտոբուսի վարորդին կամ նրան հրահանգ տվեղներին
պաշտպանելու։ Սա իրենց խայտառակ դեմքն է, հենց քաղաքային իշխանությունն է այս ամենի մեղավորը և պետք է հեռանա»,- նշեց Սոնա Աղեկյանը։
Ավագանու անդամը նաև
հայտնեց, որ ձայնագրության բովանդակության հետ կապված հարցերն իրենց խմբակցության ավագանու
անդամներն այսօր 14։00-ին տեղում կուղղեն հենց «Ավտոբուս» ՓԲԸ-ին։
Ներկայացնում ենք ձայնագրությունն ամբողջությամբ։









