Foto

Ի՞նչով է Վահե Գրիգորյանն ավելի անձեռնամխելի Հրայր Թովմասյանից․ իրավական երկակի ստանդարտներ

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին վերաբերող քրեական վարույթն իրավական մի քանի ուշագրավ նախադեպ ունի։ Նախ խոսքի իրավունքի սահմանափակման մասին է գնում և մասնակի բավարարված միջնորդությունն արգելում է գրեթե ամբողջ դատական համակարգի մասին խոսել, այն ինչ Ղազարյանը քննադատել է միայն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին։

Դատարանի որոշմամբ սահմանափակվել է Էդգար Ղազարյանի կողմից իր հրապարակային ելույթներում ներկայացնել բացառապես դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին «արատավորող տեղեկություններ»:

Ըստ այդմ` Էդգար Ղազարյանի հրապարակային քաղաքական և քաղաքացիական գործունեությունը մնացած մասով չի սահմանափակվելու, սակայն նրա պաշտպանական թիմը պատրաստվում է որոշումը բողոքարկել։

Խոսքի ազատության սահմանափակման այսօրինակ լայն, ընդգրկուն սահմանափակումն իրոք նախադեպ է, բայց կա ևս մեկը։ Հանրությունը տեղակ է, որ Ղազարյանին մեղադրանք է առաջադրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին հրապարակային քննադատելու համար, սակայն մեղադրանքի բովանդակությունը հայտնի չէ։ Մեղադրանքը վարույթ իրականացնող մարմինները սովարաբար հրապարակում են։ Այս գործը բացառիկ է։ Պարզում է, որ՝ ելնելով դատական իշխանության հեղինակությունից, մեղադրանքի բովանդակությունը չեն հրապարակում՝ հաշվի առնելով, որ մյուս կողմում ՍԴ դատավոր է։ Ավելին՝ նախաքննական մարմինը զգուշացրել է նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին։ Սա աբսուրդ է այն տեսանկյունից, որ հրապարակումն արված է հրապարակային, քննադատությունը ևս հնչել է հրապարակային։

Իրավապահ համակարգի երկակի ստանդարտների մի ուշագրով փաստ կա։ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելիս իրավապահները շտապեցին աղմուկ բարձրացնել և դա բառացի դարձրին քննարկման և քաղաքական առումով այն նաև շահարակման առարկա էր։ Հրապարակվեց նաև մեղադրանքը, դատական նիստերը դռնբաց էին և լուսաբանվում էին, թեև նախնական շրջանում՝ Թովմասյանի կողմից ներկայացված միջնորդությամբ, չէր տեսալուսանկարահանվում, սակայն կարելի էր ձայնագրել և լուսաբանել տպագիր կամ էլեկտրոնային եղանակով։

Աղմուկ բարձրացավ այն դեպքում, երբ  օրենքով ամրագրված է, որ Սահմանադրական դատարանի և այլ դատավորների վերաբերյալ վարույթը պիտի գաղտնի պահվի՝ դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու համար։

Հիմա, երբ հարցը վերաբերում է ՍԴ յուրային դատավորին, օրենքի դրույթը դարձել է կիրառելի։ Եթե Ղազարյանի դեպքում հրապարակային էր, ապա Թովմասյանի դեպքում, եթե նախաքննական գաղտիք պահվեր, ապա հնարավոր չէր էլ լինի ենթադրել, թե խոսքն ի՞նչ վարույթի մասին է։

 

 

 



Հեղինակ: Աննա Ավետիսյան