Փետրվարի 12-ին, ինչպես հայտնի է, Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի՝ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելու մասին օրենքի նախագիծը, որը միանշանակ արձագանքների չի արժանացել ո՛չ հայաստանյան, ո՛չ հարեւան երկրների քաղաքական-վերլուծական շրջանակների կողմից։
Ինչպես նկատում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իր վերլուծական հոդվածում, որեւէ քաղաքական անակնկալ, մեծ հաշվով, դա համարել չի կարելի։ Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ նրա կողմնակից պատգամավորները մեկ անգամ չէ, որ իրենց դիրքորոշումներն այս հարցի առնչությամբ բարձրաձայնել են։
Ընդ որում, իրենց դիրքորոշումների ճշմարտացիությունը եւ նման օրենքի պահանջվածությունը նրանք հիմնավորել են հանրային ստորագրահավաքով։ Խնդրո առնչությամբ՝ ռուս փորձագետը երկու ասպեկտ է դիտարկում։ Նախ՝ բուն քվեարկությունը Հայաստանի խորհրդարանում։ Ով եւ ինչպես է առաջ մղել դրական որոշումը։ 107 պատգամավորից «եվրոպական նախագծին» կողմ է եղել 63-ը։ Առաջին գծում, բնականաբար, «Քաղպայմանագրի» ներկայացուցիչներն էին, ինչը եւ սպասելի էր։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ իրեն պահեց խիստ կանխատեսելի՝ «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ չեն աջակցելու քվեարկությանը` բոյկոտում են, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկեց։ Հասկանալի է, որ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է դիմադրել, սակայն չի կարողանում ռեալ արդյունքի հասնել՝ իշխանական թիմի՝ մեծամասնություն ունենալու պատճառով։ Փողոցի գործոնն էլ այս դեպքում չի աշխատում։ Ընդդիմությունը, ի դեպ, կարծես թե այս փուլում փողոցային գործողություններ այս հարցի առնչությամբ չի էլ նախատեսում ձեռնարկել։
Ինչ էլ որ լինի՝ սխալ է ասելը, թե Հայաստանի եվրոպականացման հարցում հասարակության մեջ կատարյալ համախոհություն կա ձեւավորված։ Երկրորդ ասպեկտը, որը պակաս կարեւոր չէ, ըստ Մարկեդոնովի, այն է, թե ինչպես են հայկական իշխանություններն իրենց տեսնում եվրոպական հեռանկարում։ Ներկայում եվրոպական ուղղությունը դիտարկվում է որպես «ամենայն լավի» միավորում՝ ընդդեմ «ամենայն վատի»։ Թեեւ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարում է, թե Հայաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՏՄ-ի (ՌԴ) հետ, ինչպես գլխավոր գործընկերոջ, սակայն Մոսկվայում նախարարի այս էնտուզիազմի հետ ամենեւին համակարծիք չեն եւ մատնանշում են, որ եվրասիական եւ եվրոպական ինտեգրացիաներն անհամատեղելի են։
Շարունակությունը` Hraparak.am-ում