Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ աշխարհաքաղաքականության ներկա իրավիճակում Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում՝ արտաքին քաղաքականություն վարելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսի ընթացքում:
«Մի բան շեշտակի փոխվում է: Վերջին մի քանի տարվա ընթացքում կոմպլեմենտարության միջանցքը շատ նեղացել էր, հիմա այդ կոմպլեմենտարության միջանցքը մի քիչ ընդլայնվելու է: Իմ տպավորությամբ՝ մենք չպետք է սև ու սպիտակով նայենք այս գործընթացներին: Եթե Թրամփը հայտարարում է՝ սխալ էր Ռուսաստանին G8–ից հեռացնելը, Ռուսաստանը պետք է հետ գա միջազգային հարաբերությունների այդ մակարդակին, նշանակում է, որ ամբողջությամբ նոր հնարավորություններ են բացվում նաև Հայաստանի համար արտաքին քաղաքականությունը վարելու համար»,–ասաց Քոչարյանը ՝ հավելելով, որ բացվում է պատուհանը, երբ հնարավոր է որպես գործընկեր, ճիշտ քաղաքականություն վարելով Ռուսաստանի հետ, չթշնամանալ Արևմուտքի հետ։
Սակայն նա մեղադրեց Հայաստանի գործող իշխանությանը Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու հարցում: Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը սխալներ է գործում և փորձում է դրանք բարդել Ռուսաստանի վրա, ինչն անհետևանք չի մնալու։