Foto

ՀՀ-ի կողմից վարվող «ջայլամի քաղաքականությունը» և Ադրբեջանի հեռահար նպատկաները

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով հերթական «դատական ​​նիստը»:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատական ​​նիստի սկզբում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հայկական լրատվամիջոցների տարածած լուրերն իր, և այլ բանտարկյալների նկատմամբ հոգեներգործուն դեղամիջոցների օգտագործման և ոգեբանական ճնշումների մասին սուտ են։ Տարբեր մասնագետների գնահատմամբ՝  այդ հայտարարությունները ևս արվում են ճնշումների ներքո։

Սա ապացուցում է նաև այն հանգամանքը, որ Ռուբեն Վարդանյանի թարգմանիչը կեղծ թարգմանություն է իրականացնում։  Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տեղեկություն է  ստացել  նրա փաստաբան Աբրահամ Բերմանի միջոցով, որ բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է  422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է՝  նրան հատկացված թարգմանիչը, ով պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր (քանի որ գրավոր թարգմանություն, անգամ՝ նշումներ անել թույլ չեն տալիս), անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել: Անգամ որոշ տեղերում հղումներ են եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Բելառուսի  օրենսդրությանը:  Ըստ իրավապաշտպան Սիրանուշ Սակայանին հասած  տեղեկությունների՝ դատարանը կարգադրել է  Ռուբեն Վարդանյանին և նրա պաշտպանին տրամադրել ադեկվատ թարգմանություն։ Ու սա՝  միայն երրորդ նիստի ընթացքում, երբ սկսվել է գործի ըստ էության քննությունը:

Բացի այդ, մերժվել են պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները՝ գործի պատճենները ստանալու և տեսաերիզների բովանդակությանը ծանոթանալու մասին։ Բնականաբար, այս մասին ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնում:

Վաարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով, ինչը շեշտադրում է նրա նկատմամբ առանձնահատուկ թշնամանքը, բայց միևնույն է՝ ակնհայտ է, որ սլաքներն ուղղվում են դեպի Հայաստան։ 23 հայի դատավարությունն օգտագործվում է Հայաստանի դեմ՝ հող են պատրաստում նոր ագրեսիայի համար։

Պատահական չէր, որ արդեն առաջին նիստերից Ադրբեջանն առաջ քաշեղ Գյանջայի օդանավակայանի ուղղությամբ իրականացված հրթիռակոծման հանգամանքը՝ այն «ցուցմունքներով» վերագրելով Հայաստանի իշխանությանը:

Այսպես Ադրբեջանը ցանկանում է ագրեսորի և օկուպանտի պիտակ կպցել Հայաստանի իշխանությանը և միջազգային դատարաններ հայցեր ներկայացնելու հիմքեր ստեղծել։ ՀՀ իշխանությունը, մասնավորապես ԱԳՆ-ն, այնպիսի կեցվածք են դրսևորում, որ կարծես այդ դատավարություններից տեղյակ չեն։ Այդ կերպ ՀՀ իշխանությունն է հիմքեր ստեղծում, որ Ադրբեջանը կարողանա միջազգային հայցեր ներկայացնել ՀՀ-ի դեմ, որն էլ հետագայում, լավագույն դեպքում փոխզիջում անվան տակ, կփոխանակեն Ադրբեջանի հետ։ Իսկ իրականում ՀՀ-ն կհրաժարվի իր հայցերից, որը չի կարողնա ներկայացնել ըստ իրավական ընթացակարգի, իսկ Ադրբեջանը չի հրաժարվի և ավելին՝ ՀՀ-ի կողմից հայցերից հրաժարումը կներկայացնի որպես իր կողմից արած վայրագությունների բացակայություն։

Հավելենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա փետրվարի 10-ին, իսկ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների գործով նիստը այսօր՝ փետրվարի 7-ին։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան