Foto

ԶՊՄԿ-ի մոտ 700 աշխատակից գործադուլ է հայտարարել. «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը պնդում է` սա գործադուլ չէ, այլ` սաբոտաժ

«Հետքի» աղբյուրը հայտնում է, որ այսօր առավոտից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ավելի քան 700 աշխատակից գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Նկատենք, որ ԶՊՄԿ-ն 2024 թ. Հայաստանի խոշորագույն հարկատուն է:

Գործադուլի մասնակիցներից մեկը «Հետքին» հայտնել է (վերջինս ցանկացել է չհրապարակել իր անուն-ազգանունը), որ գործադուլի պահանջը սոցիալական արդարություն հաստատելն է:

«Չնայած այն հանգամանքին, որ թմբկահարվում է, թե Քաջարանում աշխատավարձերը բարձր են՝ հաշվի չեն առնում, որ այստեղ կյանքը թանկ է, առողջապահական համակարգ չկա, մարդիկ ստիպված են Կապան կամ Երեւան գնալ դրա համար»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:

Նշվում է, որ այսօր առավոտյան՝ նախքան գործադուլ կազմակերպելը, կոմբինատի աշխատողները հանդիպել են ԶՊՄԿ-ի ղեկավարությանը: Հանդիպումը, ըստ մեր զրուցակցի, անցել է ոչ կառուցողական մթնոլորտում, եւ իրենց ներկայացրած պահանջները չեն բավարարվել: Այդ հանդիպումից հետո էլ աշխատակիցները որոշել են դիմել գործադուլի:

Նրանք պահանջում են 50 տոկոսով (130-150 հազար դրամով) բարձրացնել իրենց աշխատավարձը: «Մենք չենք կարող համեմատել Քաջարանը մեր չքնաղ հայրենիքի մյուս բնակավայրերի հետ, քանի որ կարելի է ասել, որ մարդիկ այստեղ ապրում են հենց հանքի մեջ»,- ավելացնում է ԶՊՄԿ-ի աշխատակիցը:

Գործադուլի փաստը քիչ առաջ հաստատել է նաեւ ԶՊՄԿ-ն` կատարվածը գնահատելով սաբոտաժ:

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ մամուլի հաղորդագրության մեջ ասվում է.
 
․«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը:

«ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։

Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։

Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի:

Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի»: