Foto

Վանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Կարինե Աբովյանին պատկանող ալրային հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք․ Վանաձոր): Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Մասնավորապես՝ արտադրական շինությունների այն մասերում, որտեղ արտադրվում է սննդամթերք՝

• պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,

• առաստաղին եղել են անցանկալի բորբոսների հետքեր և մասնիկների թափվելու վտանգ,

• սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը՝ սեղանը, եղել է անհարթ, ունեցել է ճեղքեր, որոնք հեշտությամբ մաքրելու և ախտահանելու խոչընդոտներ են։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։