Foto

Դատավորի վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը ենթակա է բողոքարկման

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի լիազորությունները դադարեցված դատավոր՝ դիմումատու Սուրեն Անտոնյանի գործով որոշում է հրապարակել՝ գտնելով, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը գտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարողացել փարատել դիմումատուի՝ Սուրեն Անտոնյանի, հիմնավոր կասկածները՝ ԲԴԽ նախագահի անաչառության հետ կապված և, որ դիմումատուին այդ առումով բավարար դատավարական երաշխիքներ չեն տրամադրվել։

ԲԴԽ-ում գործի քննության ընթացքում Սուրեն Անտոնյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել Կարեն Անդրեասյանին՝ գտնելով, որ կարգապահական վարույթը չի կարող Անդրեասյանի կողմից քննվել անաչառ, քանի որ ԱՆ Գրիգոր Մինասյանի հետ գտնվել է տնտեսական և ֆինանսական կապի մեջ, որը, սակայն, մերժվել էր:

Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարի 26-ին Բարձրագույն դատական խորհրդը բավարարել էր Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, և դադարեցրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: Նկատենք, որ Անտոնյանի գործն ուներ 15 տարվա վաղեմություն և ՄԻԵԴ-ը չի անդրադարձել այն հարցին՝ թե արդյո՞ք իրավունք ունեին 15 տարվա վաղեմության գործի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցել։ Լիազարությունների դադարեցման հիմքը դատարանը, նույն քաղաքացիական գործի շրջանակներում, վերադարձրել է վճռաբեկ բողոք՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ: Սակայն, շուրջ 6 ամիս անց, նույն գործով, նույն կողմի վերստին ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել, ինչի արդյունքում ստացվել է, որ դատարանի կողմից նույն գործով երկու իրարարմերժ որոշումներ են կայացվել:

Դատական ակտն, ըստ էության, չի վերաբերում վեճի բովանդակությանը, այլ՝ դատավարության ընթացքին։ ՄԻԵԴ որոշումը մի փոքր եզրային է, բայց հայցվորը բավարարած է, քանի որ պետք է վերաբացվի գործը և նոր դատավարություն իրականացվի։ Այսինքն՝ այստեղ կողմը պետք է դիմի ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն՝ սեփական որոշումը վերացնի։ ԲԴԽ-ն էլ իր հերթին ՄԻԵԴ որոշումը կարող է բողոքարկել Մեծ պալատին, քանի որ դատական ակտը ենթակա է բողոքարկման։ Բացի այդ ԲԴԽ-ն Անտոնյանի լիազորությունների դադարեցմանը կարող է անդրադառնալ միայն ՄԻԵԴ որոշման շրջանակներում։

Հեղինակ: Աննա Ավետիսյան