Foto

Դատարանում որևէ ապացույց չի եղել, որը կարող էր Ջալալ Հարությունյանին մեղադրող լինել․ պաշտպան

Սյունիքի մարզի դատարանի դատավոր Գ.Աբելյանի արդարացի վերդիկտով Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով: Այս մասին Vesti.am-ի հայտնեց տուժող կողմի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։

Հարությունյանին մեղավոր են ճանաչել 44-օրյա պատերազմի՝ ռազմական դրության, ժամանակ, 2020 թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Թե ինչ պատժի կդատապարտվի գեներալ-լեյտենանտը, հայտնի կլինի առաջիկայում:

Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի՝ ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հետևանքով, Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել:

Սինմոնյանի գնահատմամբ՝ իրականացվել է բազմակողմանի դատաքննություն, բոլոր կողմերը լսված են եղել։ «Հարցաքննվել են թե՛ տուժող և թե՛ պաշտպանության կողմի վկաները, ապացույցները ևս նորմալ պայմաններում են հետազոտվել, պաշտպանական կողմն էլ այդ առումով որևէ բացասական դիրքորոշում չի հայտնել։ Մեղադրանքը հիմնավորված և ապացուցված է»,- ասաց Սիմոնյանը։

Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը Vesti.am-ին ասաց, որ դեռ որոշումը չեն ստացել և խորքային մեկնաբանություններ չեն կարող տալ։

«Այս պահին հստակ կարող եմ ասել, որ դատարանում որևէ ապացույց չի եղել, որը կարող էր Ջալալ Հարությունյանին մեղադրող լինել։ Պաշտպանյալիս մեղադրում են, որ հետախույզներից տեղեկություն է ստացել, որ «մերոնք են» և նույնաբովանդակ փոխանցել է այդ տեղկությունը։ 12 ռազմագետ միակարծիք եզրակացություն են տվել, որ եթե նման իրավիճակում նույնիսկ Ջալալ Հարությունյանը նույնանման փոխանցել է տեղեկություն, ապա նա ռազմական առումով որևէ խախտում թույլ չի տվել։ Պաշտպանյալիս գործողությունները պատճառական կապի մեջ չեն գտնվում դիվիզիոնի կորուստներ հետ։ Ավելին՝ փորձագետները ուղիղ գրում են, թե դիվիզիոնի կորուստներն ինչով են պայմանավորված եղել։ Հիմա մանրամասներ հայտնել չենք ուզում։ Իրավական տեսակետից ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է գրել դատավորը։ Այս գործով, իրավական տեսանկյունից, արդարացումից բացի ուրիշ ակտ չէր կարող լինել։ Հիմա սպասենք այդ ակտը տան, նայենք, տեսնենք ինչ է գրվել, նոր մեկնաբանենք»,- ասաց Սարդարյանը։ Պաշտպանի խոսքով՝ դատական ակտը սանալուց հետո այնպիսի հարց չի մնա, որին իրենք չպատասխանեն, նախատեսում են նաև ասուլիս հրավիրել։

Հարցին՝ թե պատրաստվո?ւմ են արդյոք բողոքարկել դատարանի որոշումը, պաշտպան Սարդարյանը դրական պատասխան տվեց։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան