Foto

Իշխանական ընտանիքը պարզապես «լավ է ապրում»

«Լավ ապրել՝ նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել։ Լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա»։ Այսպիսի ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նման գրառումները օգտատերերի մեծամասնության կողմից կանտեսվեին, եթե դա գրած լիներ ոչ հայտնի կամ անչափահաս որևէ օգտատեր։ Այդ գրառման փոխարեն կարելի էր հանգիստ գրել՝ «ով աշխատի՝ նա կուտի», «աշխատանքը գեղեցկացնում է մարդուն» և այլն։

Վարչապետի գրառման մեջ, սակայն պետք է փորձել գտնել պետության հետ առնչություն ունեցող տրամաբանություն։ Եվ այդ տեսանկյունից նայելիս կյանքի կես դարն ապրած մարդու, քաղաքական գործչի համար պետք է որ «լավ ապրելու» չափանիշները միայն ֆինասականը չլնիր։ Ստացվում է, որ ով շատ փող է աշխատում և շատ է ծախսում, նա լավ է ապրում։

Այդ դեպքում ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանը կբացատրի այն, որ ֆինասապես շատ ապահով մարդիկ հենց իր գործունեության և կառավարման արդյունքում, ունենալով շատ գումար ծախսելու հնարավորություն, միևնույն է չեն համարում, որ իրենք լավ են ապրում։

Օրինակ՝ 44 օրյա պատերազմի զոհերի հարազատների մեջ կան ապահովված շատ մարդիկ, բայց լավ ապրելու մասին վաղուց են մոռացել։ Իշխանությունը հայտարարում է, որ Արցախից տեղահանված շատ անձինք կան, որ Երևանում տուն են գտել, հիմնել են իրենց բիզնեսը և, հետևաբար, ծախսելու շատ գումար կունենան, բայց ամեն օր իրենց Արցախի թողած տունն ու հիշողությունները, հարազատների շիրիմների այցելել չկարողանալը թույլ չի տալիս ուրախանալ նյութական կարգավիճակով, նրանք լավ չեն ապրում։

Որևէ մեկը կասկած չունի, որ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական վերնախավի հարազատներն ապահովված են ամեն ինչով։ Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կարող է ընդհանրապես չաշխատել և ծախսել ինչքան ուզում է, բայց արդյո՞ք նրա կինը, թանկարժեք հագուստ կրելով, կարող է հայտարարել, որ լավ է ապրում կամ զավակներն ինչպե՞ս լավ ապրեն, երբ հայրը Բաքվի բանտում ինչ-որ անհասկանալի պատիժ է կրում։

Արդյո՞ք լավ են ապրում 90-ականների մեր հորսները, զոհերի հարազատները, երբ իրենց հոր, եղբոր, ամուսնու ազատագրած հողերը ստորագրությամբ հանձնվեց թշնամուն։ Երջանի՞կ է արդյոք Մոնթեի կինը, երբ ամուսնու ծննդյան օրը նրա ազատագրած Քարվաճառը ստորագրությամբ պարզապես մատուցվեց Ալիևին և այլն։

Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց մի հակադրություն կա։ Ստացվում է, որ վարչապետը մտածում է հենց այդպես՝ եթե ծախսելու շատ գումար կա, ապա ամեն ինչ կարգին է, լավ է։ Այո՛, իշխանական ընտանիքի քայլերը, հրապարակված լուսանկարները հենց դրա մասին են խոսում՝ նոյեմբերի 9-ին Տանզանիայից լուսանկարներ են հրապարակում, Արցախի անկախության օրը՝ առավոտյան ուրախ և նախաճաշի լուսանկարներ, մասնակցում են համերգների, հարսանիքների, ծննդյան խնջույքների։ Սուրբ Ծննդյան օրն ամանորյա ուտելիքի մնացորդներով նախաճաշ պատրաստելն են լուսաբանում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու փոխարեն և այլն։

Հիմա այս գրառումը կարծես բացատրում է, թե ինչո՞ւ է իշխանական ընտանիքն այդքան մեր հասարակության համար անընդունելի կեցվածք դրսևորում։ Նրանք պարզապես «լավ են ապրում»։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան