Foto

Մենք անընդհատ զիջում ենք, բայց Ադրբեջանը դա էլ չի ընդունում որպես սահման․ Վրթանեսյան

Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, ՀՀ իշխանությունը հայտարարում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման,  քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորելու պատրաստակամության մասին։ Vesti.am-ը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեց թե ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել Նիկոլ Փաշինյանի կողմից արված այս առաջարկը։ Ըստ Վրթանեսյանի՝ Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկն անում է՝ վստահ լինելով, որ այն չի ընդունվելու։

«Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ եղած մեխանիզմներն էլ են ապամոնտաժվում։ Օրինակ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն դուրս են գալիս տարբեր պայմանագրերից, որոնք  վերահսկում էին սպառազինության տարբեր ասպեկտներ։ Նույնիսկ նախկինում, երբ գործում էր Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) վերբերյալ պայմանագիրը, Ադրբեջանը միևնույն է խախտում էր այն։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական այս իրողությունները՝ չեմ կարծում, որ որևէ մեխանիզմ ներդրվի և աշխատի։ Հիշեցնեմ, որ 2016թ-ի Ապրիլյան պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանից պահանջում էին և Ալիևը ստորագրել էր այդ պահանջի տակ՝ ստեղծելու հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ։ Ըստ էության՝ դրանից հետո Ադրբեջանն ամեն կերպ փորձում էր սաբոտաժ անել այդ գործընթացը, ինչը նրան հաջողվեց 2018թ-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունները սկսում է սեփական կետից։ Հենց այդ հայտարությունից հետո Մինսկի խումբը կասեցրեց այդ գործընթացը։ Հիմա, երբ հայտարարում է ինչ-որ մեխանիզմների մասին, ինքը շատ լավ գիտի, որ հենց ինքն է հայտարարում Մինսկի խմբի լուծարման մասին։ Ալիևն այդ պահանջը քաշում է առաջ և Փաշինյանը համաձայնում է»,- նշեց ռազմական փորձագետը։

Տավուշի մարզում սահմանազատում անվանվող գործընթաց իրականացնելուց առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ Ադրբեջանում հայկական թվով 32 գյուղ կա և գործընթացի արդյունքում դրանք պետք է վերադարձվեն հայկական կողմին։ Սակայն ինչ-որ փուլի բանակցություններից, ինչ-ինչ կազմվող արձանագրություններից հետո՝ միայն հայկական տարածքներն անցան Ադրբեջանի տիրապետության տակ և վերջ։ Վրթանեսյանը կիսում է Vesti.am-ի այն մտահոգությունը, որ եթե նույնիսկ Փաշինյանի առաջարկը իրականացվի, ինչ-որ փուլի վերահսկելի կլինի միայն հայկական կողմի սպառազինությունը։

Նա նաև հավելեց, որ այս խոսակցությունները պարզապես օդի տատանումներ են, և ևս մեկ անգամ հիշեցրեց, որ սահմազատում, որպես այդպիսին չի եղել և չկա գեթ մեկ փաստաթուղթ, որն Ալիևին կստիպի ճանաչել այդ սահմանները։ «Ադրբեջանն ամեն անգամ ստանում է տարածքային զիջումներ Հայաստանից։  ՀՀ իշխանությունն էլ ամեն անգամ քանդում է տարիներով ամրացված պաշտպանական գիծը, հետո էլ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում և ամեն ինչ պիտի նորից սկսել զրոյից։ Այսինքն՝ մենք անընդհատ զիջում ենք, սակայն դրանք էլ որևէ տեղ ամրագրված չեն։ Ադրբեջանը դա էլ չի ընդունում որպես սահման»,- եզրափակեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան