Foto

Կադաստրի կոմիտեի նախագահի ոչ կոմպետենտ պատասխանները կամ բանակցում են այն՝ ինչ պետք է

«Նման տեղեկատվության չեմ տիրապետում, թե արդյոք Բաղանիս–Ոսկեպար հատվածի սահմանազատմամբ գույքային մասնավոր սեփականության փոփոխություն լինելու է, թե ոչ:,- այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը սահմանված է կառավարության որոշմամբ: Կադաստրային քարտեզների սխալների մասին մենք խոսել ենք բազմաթիվ անգամներ և 2021-ին քարտեզների ուղղման կառավարության որոշումը հենց բխում էր այն գաղափարից, որ մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ քարտեզների մեջ առկա են բազմաթիվ խնդիրներ»,- ասել է նա։

Կադաստրի կոմիտեի ղեկավարի կողմից հնչենցված ոչ կոմպետենտ պատասխանները խոսում են այն մասին, ասես՝ ՀՀ կադաստրի կոմիտեն տարիներ շարունակ տվել է սեփականության վկայականներ՝ քարտեզներ չունենալով: Ի դեպ, այս առիթով 2018թ-ից ի վեր քրեական որևէ վարույթ նախաձեռնված չէ և որևէ մեկը չի պատժվել։ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում նման խնդիր առաջացավ. բնակիչներն ունեն կադաստրի վկայական, բայց, ըստ իշխանության, դրա տրամադրման համար հիմքեր չեն եղել և 30 տարի դրա մասին ոչ մեկը չի հիշել, ադրբեջանական կողմ էլ չի բարձրացրել այս հարցը։

Հիմքերի մասին Նիկոլ Փաշինյանն ուներ իր ուրույն տեսակետը, որ դրանք տրվել օրենքի խախտմամբ, բայց այդպես էլ չհայտարարվեց, թե ե՞րբ, ո՞վ և ո՞ր օրենքն է խախտել։

Իրականում Ոսկեպար-Բաղանիս, հետո Տիգրանաշեն և այլ բնակավայրերում սհամանազատման արդյունքում,  ի վնաս հայկական կողմի, բազում փոփոխություններ կարող են լինել, իսկ Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափում է հարցերին հստակ պատասխաններ տալուց, քանի որ ինքն էլ չգիտի, թե վաղն ինչ են պարտադրելու, որ ինքը հայտարարի սահմանազատվող մյուս հատվածների վերաբերյալ։ Այս օրինակը նրա մասին է, որ Փաշինյանի թիմակիցները չգիտեն, թե վարչապետն ի՞նչ է բանակցում, ի՞նչ է որոշվում, բայց հավասարաչափ կրում են նրա հետ պետությունը դեպի անդունդ տանելու պատասխանատվությունը։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն թեզը, որ երկիրը կառավարվում է բացառապես մեկ անձի կողմից, իսկ անձիշխանությունը ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ որևէ երկրում երբևէ  հաջողություն չի ունեցել, հատկապես, որ իշխող անձը ևս կատարող է՝ այլ անձանց ձեռքում։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան