Foto

Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և բովանդակության, և ձևաչափի առումով. Արմեն Աշոտյան

Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային ժառանգությանը, և, վերջիվերջո՝ Սերժ Սարգսյանի թողած կետին, որի մասին հենց ինքը՝ Նիկոլը, բարձրաձայնեց 2020 թվականի հունվարին իր ասուլիսում։

Երրորդ նախագահին և ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին արցախյան էստաֆետը փոխանցվեց նախորդ բանակցող պատասխանատուներից՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և ԱԳ նախարար Վարդան Օսկանյանից, 2007 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքների տեսքով։

Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակում այդ սկզբունքների հենքով բանակցային փաստաթղթի տեսք ստացավ Կազանյան կոչված տարբերակը (2011թ. հունիս), իսկ դրանից հետո եղած գաղափարները, առաջարկությունները, տարբերակները եղել են աշխատանքային մոտեցումներ՝ non paper ձևաչափով։

2008-ից բանակցային գործընթացը նոր թափ հավաքեց բարձրագույն և բարձր մակարդակով երկկողմ, եռակողմ և բազմակողմ բազմաթիվ հանդիպումներով։ Միաժամանակ երեք գործոն լրացուցիչ մարտահրավերներ էին ստեղծում հայկական դիվանագիտության համար.

1. 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների առիթով Հայաստանի համար սաստկացած արտաքին ազդեցությունները։

2. Գերտերությունների միջև նոր փուլ թևակոխած գեոպոլիտիկ լարվածության անընդհատ աճը (2007-ին ՌԴ նախագահի Մյունխենյան ելույթը, 2008-ի ռուս-վրացական պատերազմը, 2014-ին Ղրիմի և Դոնբասի հարցերով պայմանավորված միջազգային իրավիճակը, 2015-ից Սիրիայում ռուսական օպերացիան, և այլն)։

3. Ադրբեջանի էներգետիկ նախագծերից նավթադոլարային դոպինգը և ռազմական ծախսերի շեշտակի և շարունակական աճը։ Եվ, ահա, այս պայմաններում հայկական դիվանագիտությունը ոչ միայն կարողացավ պահպանել իր կարմիր գծերը, այլև 2007-ի վերջին ի հայտ եկած կարգավորման Մադրիդյան առաջարկի հենքով կարողացավ հասնել միջազգային հանրության կողմից հավանության արժանացած, նրա կողմից պաշտպանվող և երաշխարվորվող ամենահայանպաստ տարբերակին, որը դետալները քանիցս բարձրաձայնվեցին հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից, իսկ նույն Փաշինյանը Կազանյան փաստաթուղթը անվանեց լավագույնը։

2008-2018 թվականներին Հայաստանը ոչ միայն դիմակայեց Ադրբեջանի դիվանագիտական, այդ թվում՝ կոռուպցիոն-խավիարային, և ռազմական ճնշումներին, այլև «Մադրիդյան փաստաթուղթը» մեր ջանքերով և 30-ից ավել փոփոխություններով ու շտկումներով վերածվեց միջազգային քաղաքական և իրավական բառապաշար մտած «Հիմնարար սկզբունքների» (Basic principles)։ Այդ բանակցային տրանսֆորմացիայի և լավարկման երկու օրինակ բերեմ։

2007-ից մինչև 2018-ը ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման հիմքում ընկած համաժողովրդական կամարտահայտությունը ստացավ «իրավական պարտադիր ուժ ունեցող» ձևակերպումը։ Իսկ Մադրիդյան փաստաթղթում առաջարկվող ԼՂ բնակչության միջանկյալ իրավունքները և արտոնությունները փոխարինվեցին «Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ» և դրանից բխող ձևակերպումներով։

Անգամ Ադրբեջանն էր ստիպված համաձայնել այդ մոտեցումների հիման վրա բանակցային գործընթացին (2008-ի նոյեմբեր՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան Մայնդորֆյան հռչակագիր, 2010-ի Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովին ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ + Սարգսյան+ Ալիև հնգակողմ հայտարարություն, և այլն)։ Ավելին, հենց այդ լրամշակված Հիմնարար սկզբունքներն են դարձել 2009-2013 թթ. Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա նախագահների ձևաչափով 5 եռակողմ հայտարարությունների, ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովներին 10 համատեղ հայտարարությունների, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համապատասխան դրույթների, միջազգային տասնյակ զեկույցների և բանաձևերի հիմնաքարը։

Անկախ բանակցային տարբերություններից ՝ ՀՀ նախկին երեք նախագահներին Արցախի հարցով միավորում էր նաև բանակցային ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Իսկ Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և բովանդակության, և ձևաչափի առումով։
 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ