Foto

Պայթած մեքենայում կնոջ են թաքցրած եղել. մանրամասներ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից

Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։

Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում գտնվող կնոջ ոտքը վիրահատել են ու այն գտնվել է գիպսի մեջ։ Հարազատները մոտեցել են գազալցակայան՝ մեքենան լիցքավորելու, և որպեսզի վիրահատված կնոջը մեքենայից չիջեցնեն, նրա վրա շոր են գցել ու գազալցակայանի աշխատակիցներին վստահեցրել, որ մեքենայում մարդ չկա։

Արդյունքում գազալցակայանի աշխատակիցները մեքենան լիցքավորել են ու լիցքախորման ժամանակ մեքենան պայթել է։ Կինը մահացել է։

ՆԳՆ փրկարար ծառայությունն ավելի վաղ հայտնել էր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում․ կա մեկ զոհ։

Պայթյունի հետևանքով մահացել է ուղևոր Ն․ Հ-ն (ծնված 1985 թ․), իսկ գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։