Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, «Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել է «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 428 գրամ քաշով հաբ:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևան քաղաքի՝ Դավիթ Անհաղթ փողոցի բակերից մեկում թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի, ազգությամբ հայ Ս․Գ․-ն: Վերջինս, օգտագործելով այլ անձի տվյալներ, ՀՀ տարածք էր ներմուծել և ստացել տվյալ առաքանին։
Քաղաքացին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, և համապատասխան որոշման համաձայն ձերբակալված անձի բնակության վայրում կատարվել է խուզարկություն։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։