Foto

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի արևելքում գտնվող ռազմական օբյեկտների. ԶԼՄ-ներ

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Քուսայայի բարձունքներին Լիբանանի արևելքի Զահլե քաղաքի մերձակայքում։ Janoubia լրատվական հարթակը հաղորդել է, որ ինքնաթիռները հրթիռներ են արձակել այդ շրջանում գտնվող երեք ռազմական օբյեկտի ուղղությամբ։ 

Օդային գրոհի հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Իր հերթին ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 25-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են շիաների «Հեզբոլլահ» կազմավորման զինյալների պահեստը Բաալբեկ քաղաքից դեպի արևմուտք գտնվող Տարայա բնակավայրում։

Իսրայելցի զինվորականների պնդմամբ՝ դեկտեմբերի սկզբին Սիրիայից այնտեղ է տեղափոխվել իրանական զենք։ Գրոհի ժամանակ ավերվել է տներից մեկը, զոհերի և վիրավորների մասին տվյալներ չկան։Լիբանանի հարավում իսրայելական հատուկ ջոկատայինները դեկտեմբերի 26-ին «մաքրել են» սահմանամերձ Մարջայունի շրջանի Վադի ալ Խոջաիր թաղամասը։ Գործողության ընթացքում զրահատեխնիկան մտել է Կանտարա ավան, նրա բնակիչներն շտապ տարհանվել են հարևան գյուղեր։

Լիբանանի հրամանատարությունը Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերին տեղեկացրել է  Իսրայելի զինված ուժերի գործողությունների մասին՝ դրանք գնահատելով որպես հրադադարի ռեժիմի խախտում։Ավելի վաղ հանրապետության վարչապետ Նաջիբ Միքատին Իսրայելին մեղադրել է այն բանում, որ նա չի կատարում 60-օրյա հրադադարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ Նա հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի հանձնաժողովին կոչ է արել «վերջ տալ իսրայելական խախտումներին և հասնել օկուպացիոն ուժերի դուրսբերման Լիբանանի հարավի՝ նրանց կողմից գրավված  բոլոր տարածքներից»:

Ըստ Janoubia հարթակի տվյալների՝ իսրայելական կողմն այս շաբաթ ԱՄՆ-ին և Ֆրանսիային ծանուցել է, որ կարող է վեց ամսով երկարացնել իր ռազմական ներկայությունը Լիբանանի հարավում, եթե լիբանանյան բանակը մինչև հունվարի 27-ը չավարտի իր ուժերի տեղակայումը սահմանամերձ շրջաններում։

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի շուրջ համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին։

Ձեռք բերված համաձայնությունները նախատեսում են լիբանանյան բանակի վերահսկողության վերականգնում երկրի հարավում, այնտեղից «Հեզբոլլահ»-ի ջոկատների դուրսբերում և զինաթափում։ Իսրայելի զորքերը, որոնք ցամաքային գործողություն են իրականացնում,  պետք է 60 օրվա ընթացքում հեռանան Լիբանանի տարածքից:


Աղբյուրը ` 168.am