Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: Տղամարդկանց +109 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը: Մրցահարթակում Վարազդատ Լալայանի հետ տիտղոսի համար կպայքարի նաեւ օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը:
+109 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:
Վարազդատ Լալայանը 2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, 2019 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր:
2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում Լալայանը գրանցել է 462 կգ արդյունք (212+250):
2023 թ. աշխարհի փոխչեմպիոն է, 2024 թ. Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252) նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը, Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 461 կգ (216+245) եւ դարձավ բրոնզե մեդալակիր:
Բահրեյնում անցկաղվող աշխարհի առաջնությունում Վարազդատ Լալայանի նախնական հայտը երկամարտում 460 կգ է: Նույնքան հայտ է ներկայացրել նաեւ Գոռ Մինասյանը: Այս քաշային կարգում հայ ծանրորդները հիմնական ֆավորիտներն են: Տիտղոսի համար կպայքարի եւս 8 ծանրորդ: Օլիմպիական եռակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն չի մասնակցում աշխարհի առաջնությանը:
Հայաստանի միակ մեդալը երկամարտում նվաճել է 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր (205 կգ, 85+120):
Տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչները դեռեւս մեդալ չեն նվաճել: