Foto

«Հանրային» կոչվող հեռուստատեսությունից պահանջում ենք տրամադրել եթեր․ «Միասին» շարժում

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը բաց նամակ է հղել Հ1-ի քաղաքական հաղորդումների ղեկավար Պետրոսս Ղազարյանին․

«Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար, պրոդյուսեր Պետրոս Ղազարյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

«Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդը սույն թվականի նոյեմբերի 27-ին դիմել էր ՀՀ Հանրային հեռուստաընկերությանը՝ Պետրոս Ղազարյանի հաղորդման եթերում Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ստորագրված փաստաթղթերը ներկայացնելու առաջարկ-պահանջով։

Շարժման համահիմնադիր, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատրաստ է Հ1-ի եթերով բացահայտել պետական մեծ կարևորություն ներկայացնող այս փաստաթղթերի իրավական և քաղաքական նշանակությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ «Միասին» շարժումն արդեն ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացրել հաղորդում առերևույթ հանցագործության մասին։

Ըստ այդմ՝ շարժումն արձանագրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստան - Ադրբեջան սահմանագծում - սահմանազատում գործընթացն իրականցնելիս կատարել են գործողություններ, որոնք կարող են մեղսագրվել ՀՀ ՔրՕրի Բաժին 11-ի՝ «Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ», գլուխ 28-ի՝ «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ», 299 հոդվածի 1-ին կետի պարունակած հանցակազմին՝ պետական դավաճանությանը։

Հաշվի առնելով հիշյալ փաստերի քննարկման հանրային և պետական հրատապությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Պետրոս Ղազարյանը քանիցս հայտարարել է, թե ընդդիմադիրներին միշտ պատրաստ է լսարան տրամադրել, բայց նրանք հրաժարվում են, «Միասին» շարժումը եթեր է պահանջել, սակայն ստացել է պատասխան, թե եթերային հյուրերի ցուցակն արդեն պատրաստ է մինչև տարեվերջ, ուստի մեր պահանջին կարձագանքեն հունվարին։

Մենք սույն պատասխանը գնահատում ենք որպես պարզունակ մերժում և ժողովրդավարության տարրական սկզբունքների կոպիտ ոտնահարում, հրաժարում սեփական խոստումներից։ Շինծու պատրվակով Հ1-ը չի ցանկանում ապահովել բազմակարծությունը և ազատ խոսքը՝ հրաժարվելով եթեր տրամադրել իշխանության ընդդիմախոսներին։ Եթերային հյուրերի վաղօրոք հաստատված անբեկանելի  ցուցակներ չեն կարող լինել, իրադարձություններն իրենք են թելադրում քաղաքական օրակարգը, թեմաներն ու հյուրերին, ուստի պնդում ենք մեր առաջարկը՝ հարկատուների գումարով գործող, «հանրային» կոչվող  հեռուստատեսությունից պահանջելով տրամադրել եթեր հանրային մեծ հնչեղություն ունեցող նշյալ հարցի բարձրաձայնման համար։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ

12․12․2024թ․»։