Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Եվրոպայի երկրները կարող են պայմանավորվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի վերաբերյալ քաղաքականության համատեղ մոտեցման հարցում։
«Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք մշակել համատեղ ռազմավարություն Ուկրաինայի հարցում,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը Deutschlandfunk ռադիոկայանի հարցազրույցում։- Ես արդեն մանրամասն խոսել եմ ԱՄՆ ապագա նախագահի հետ հեռախոսով, եւ մենք ուղիղ երկխոսություն ենք վարում նրա թիմի հետ անվտանգության քաղաքականության հարցերի վերաբերյալ»։
Գերմանիայի կանցլերը երկխոսության որեւէ մանրամասն չի նշել, միայն ընդգծել է, որ կարեւոր է, «որպեսզի սպանությունները շուտ ավարտվեն եւ որպեսզի Ուկրաինայի անկախությունը եւ ինքնիշխանությունը մնան երաշխավորված»։
Շոլցը նաեւ նորից հերքել է բանավեճը «ներկայում»գերմանական խաղաղարար զորքեր մտցնելու մասին Ուկրաինա։
«Քանի դեռ պատերազմն ընթանում է, չեն լինի ոչ զինվորներ Գերմանիայից, ոչ գերմանական ցամաքային զորքեր։ Հետագայում պետք է քննարկվեն անվտանգության երաշխիքները, որպեսզի Ուկրաինան համոզված լինի, որ Ռուսաստանը չի ներխուժի երկիր երրորդ անգամ 2014 եւ 2022թթ. հետո»,- ասել է կանցլերը՝ հերթական անգամ տեղեկացնելով Կիեւին TAURUS թեւավոր հրթիռներ տրամադրելու մասին։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինան տարածք կզիջի այդ «ռազմավարության» իրականացման համար, Շոլցը ընդգծել է, որ ոչինչ, ներառյալ անվտանգության երաշխիքները, չպետք է լուծվի «ուկրաինացիների գլխի վրայով», եւ որ Գերմանիան կմնա Ուկրաինայի «ամենաուժեղ կողմնակիցը» Եվրոպայում։









