Կոնգոյի հարավ-արեւմուտքում հայտնաբերվել է գրիպանման հիվանդություն, որից 2 շաբաթում մահացել են տասնյակ մարդիկ, տեղեկացրել է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Մահացու դեպքերը գրանցվել են նոյեմբերի 10-25-ին Քվանգո նահանգի Փանզի սանիտարական գոտում։ Ախտանշաններից են տենդը, գլխացավը, հազը եւ անեմիան, լրագրողներին անցած հանգստյան օրերին տեղեկացրել է նահանգի առողջապահության նախարար Ապոլիներ Յումբան։
Փոխնահանգապետ Ռեմի Սաքին երեքշաբթի Associated Press-ի տեղեկացրել է, որ մահացել է 143 մարդ։
«Սպասվում է, որ տարածաշրջան կգա համաճարակաբան փորձագետների խումբ, որոնք նմուշներ կվերցնեն եւ կփորձեն պարզել խնդիրը»,- ավելացրել է նա։ Յումբան խորհուրդ է տվել բնակչությանը զգուշություն ցուցաբերել եւ չշփվել մահացածների մարմինների հետ՝ վարակվելուց խուսափելու համար։ Նա ազգային եւ միջազգային գործընկերներին կոչ է արել դեղամիջոցներ ուղարկել ճգնաժամի հաղթահարման համար։
Կոնգոն արդեն համակված է ծաղկի համաճարակով, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ կենտրոնաաֆրիկյան երկրում գրանցվել է հիվանդության ավելի քան 47 000 եւ ենթադրաբար այդ հիվանդությունից մահվան 1 000 դեպք։
Կազմակերպության աշխատակցի խոսքով՝ ԱՀԿ-ին հայտնի է չպարզված հիվանդության մասին, եւ նա տեղերում թիմ ունի, որն աշխատում է տեղի առողջապահության ծառայությունների հետ նմուշներ հավաքելու համար։