ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն իրականացնելու են փակ, գաղտնի քվեարկություն:
Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են ԿԳՄՍՆ-ի, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության և մարզական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը ձևավորվում է մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հավաքականներում ընդգրկված մարզիկները և մարզիչները: Մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 18-ը ներառյալ նախարարությունը հանձնաժողովին է ներկայացնում մրցույթի մասնակից մարզիկների և մարզիչների անվանացանկերը (օլիմպիական և ՄՕԿ-ի կողմից ճանաչված ոչ օլիմպիական, ինչպես նաև պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերից), որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ՝ Oլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում, եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ունիվերսիադայում, ՄՕԿ-ի կողմից ճանաչված ոչ օլիմպիական մարզաձևերից՝ աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են թիմային հաջողություններ:
Անվանացանկերում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկները, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են ՀՀ հանրահռչակմանը և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Անվանացանկերում ընդգրկվում են այն մարզիչները՝ գլխավոր, ավագ, երկրորդ և անձնական, որոնց սաները տվյալ տարում ունեցել են առավելագույն նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ:
Հանձնաժողովին ներկայացված անվանացանկերը պետք է պարունակեն առաջադրվող թեկնածուների լրիվ ցուցակը և համապատասխանեն լավագույնների ընտրության հետևյալ անվանակարգերին՝
ա. լավագույն 3 մարզիկ,
բ. լավագույն կին մարզիկ,
գ. հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,
դ. լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ),
ե. լավագույն երիտասարդ մարզիկ,
զ. վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն,
է. Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ,
ը. լավագույն մարզիչ,
թ. հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):
Ըստ յուրաքանչյուր անվանակարգի՝ նախարարությունը հանձնաժողովին պետք է ներկայացնի մեկ անվանացանկ: Մրցույթի մասնակիցների անվանացանկերը ստանալուց հետո հանձնաժողովը ստուգում է անվանացանկերում ընդգրկված անձանց համապատասխանությունը տվյալ անվանակարգերին: Ստուգված անվանացանկերը հանձնաժողովը տրամադրում է նախարարությանը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ:
Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվում է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: Յուրաքանչյուր մարզիկ կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անվանակարգում, հավասար միավորների դեպքում դրամական մրցանակը բաժանվում է մարզիկների միջև հավասարապես: