Foto

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի և Լոռու մարզերում

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ իրավիճակը շարունակվում է Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած առատ ձյան, բքի ու սառնամանիքի պայմաններում Ծիլքար գյուղից դեպի Լոռու մարզի Սպիտակի ոլորանների տանող ճանապարհահատվածում 1,5 ժամից ավելի է՝ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: 

Պատճառը տեղացած առատ ձյունն է, բուքն ու սառնամանիքը, ինչպես նաև ճանապարհը սպասարկող ճանշինի ոչ սրտացավ, փնթի աշխատանքը: 

Մի քանի օր շարունակ ճանապրհին մնացած վարորդներին օպերատիվորեն օգնության են հասել միայն ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարարական վարչության Ապարանի և Արագածի հրշեջ փրկարարական ջոկատների փրկարարները՝ վարչության պետի և տեղակալի գլխավորությամբ: 

Փրկակերներն ու պարեկները ձնասահքի միջից դուրս են բերել 25-ից ավելի ավտոմեքենաներ, իսկ փրկարարները մոտ 20-ից ավելի քաղաքացիների տեղափոխել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Կամո Ցուցուլյանի հանձնարարականով դժվարանցանելի ճանապարհներին տեղադված ու գործող փրկարարական հենակետեր: 

Այս պահին ուժեղ բքի ու սառնամանիքի պայմաններում փրկարարներն ու պարեկները՝ հավատարիմ մարդ լինելու կոչմանը, իրենց աշխատանքն են կատարում: Սակայն ճիշտ կլինի, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հետևանություններ անի ու ճանապարհները սպասարկող ճանշինի «գյամերը քաշի», որպեսզի իրոք ռեալ աշխատանք կատարեն՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու ուղղությամբ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պարեկների ու փրկարարների հետ արդեն մի քանի օր է՝ այդ ծանր պայմաններում աշխատում են ոստիկանության Ապարանի ու Արագածի բաժինների համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները: 

Նրանք նույնպես մեծ քանակի մեքենաներ են դուրս բերել ձնակույտի միջից: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի