Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաաստան» կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ուրախ եմ հայտարարել, որ կուսակցության քաղխորհրդի որոշման համաձայն՝ առաջադրում եմ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Վրաստանի նախագահի պաշտոնում», – կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։
Կավելաշվիլին 1990-ականներին խաղացել է Թբիլիսիի «Դինամո»-ում, «Մանչեսթեր Սիթի»-ում և «Ալանիա»-ում: Նրա ֆուտբոլային կարիերայի վերջին ակումբը շվեյցարական «Բազել»-ն էր, որտեղ նա խաղացել է 2005-2006 թվականներին:
2016 թվականին Կավելաշվիլին պատգամավոր է ընտրվել «Վրացական երազանք»-ից, իսկ այս տարվա մարտին միացել է «Ժողովրդի իշխանություն» խմբին, որը հիմնել են «Վրացական երազանք»-ից դուրս եկած գործիչները։
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, դրանք առաջին անգամ են լինելու անուղղակի՝ պետության ղեկավարին կընտրի ընտրական կոլեգիան։
Աղբյուրը՝ 168.am