«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու՝ 2011-ին Հայաստան կատարած պաշտոնական այցից 13 տարի անց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան է Հայաստանում՝ պաշտոնական այցով: Ինչպես լեհական կողմն էր նախապես հայտարարել, տարածաշրջանային իրավիճակն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը լինելու են Երևանում բանակցությունների հիմնական թեմաներից մեկը:
Դուդան «Ուկրաինայի նկատմամբ ՌԴ ագրեսիվ գործողություններով» է պայմանավորել տարածաշրջանային անկայունությունը, ասել, որ պատերազմական իրավիճակներն իրենց ազդեցությունն ունեն նաեւ անմիջականորեն Կովկասի վրա: «ՌԴ-ն դոմինանտ գործողություններ է ցանկանում իրականացնել նաեւ այս տարածաշրջանում, մենք դա տեսնում ենք»,- Երևանում հայտարարել է Լեհաստանի նախագահը:
Ռուսաստան-Արեւմուտք գեոպոլիտիկ հակամարտության, տարածաշրջանում մրցակցության ու հատկապես Վրաստանում զարգացումների լույսի ներքո, որտեղ վրաց հասարակությունը հրաժարվեց այդ հակամարտության մեջ Արեւմուտքի գործիքը դառնալ, Անջեյ Դուդայի այցն ուշագրավ է՝ տարածաշրջանում եվրոպական քաղաքականությունը Հայաստանի միջոցով առաջ մղելու հավանականության տեսանկյունից: Մանավանդ որ հունվարից Լեհաստանը ստանձնում է ԵՄ խորհրդի նախագահությունը:
«Վարշավան ցանկանում է վերականգնել Արեւելյան գործընկերության ֆորմատը՝ ապագայում այն մի փոքր փոփոխության ենթարկելով։ Լեհաստանը ցանկանում է սկսել այդ քննարկումները եւ ուզում է մասնակցել այդ գործընթացին: Մենք ամեն ջանք կգործադրենք ՀՀ-ին եվրոպական ընտանիք ներգրավելու համար»,- Երեւանում հայտարարել է Լեհաստանի նախագահը:
«ԱՊՐԻ Արմենիայի» գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հիշեցնում է՝ Արեւելյան գործընկերության հիմքերում հենց Լեհաստանն է, եւ այս օրակարգը նրա նախագահության ժամանակ կդառնա առաջնային: «Լեհաստանն արդեն իսկ մի քանի առաջնահերթությունների մասին հայտարարել է՝ ավելացնել անվտանգությանն ուղղված ԵՄ անդամ երկրների ծախսերը եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել համագործակցությանը` ԱԼԳ շրջանակում, որի նպատակն է արեւելյան երկրների ինտեգրումը ԵՄ-ին: Խոսքը ե՛ւ բուն եվրոպական ֆլանգի մասին է՝ Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, ե՛ւ կովկասյան երկրների: Այս ուղղությամբ արձանագրված ամենամեծ հաջողությունը Վրաստանում էր, որը ստացավ թեկնածուի կարգավիճակ, հետո՝ Հայաստանում և Ադրբեջանում, որը շեղվել է այդ օրակարգից: Եթե Լեհաստանն այս հարցը դնում է ԵՄ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցուցակում, ապա կարելի է ակնկալել ավելի ակտիվ ԵՄ տարածաշրջանում՝ 2 ֆորմատով. զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բարեփոխումների եւ այլ հարցերում եւ Հայաստանն ավելի մոտեցնել ԵՄ-ին: Ինչպես դա կհաջողվի՝ չգիտենք, որովհետեւ Լեհաստանը որոշում կայացնողներից ամենակարեւորը չէ: Սա շատ կարեւոր է՝ տարբեր սպեկուլյացիաների չտրվելու համար»,- մեկնաբանում է Մելքոնյանը՝ շեշտելով, որ այս այցը ցույց է տալիս, որ տարածաշրջանը հետաքրքիր է ԵՄ-ի համար:
«Սա կարևոր է այն կոնտեքստում, որ ԵՄ-Վրաստան հարաբերությունները գնալով վատանում են, եւ տարածաշրջանում Հայաստանը կարող է ԵՄ-ի համար կարեւոր գործընկերներից մեկը դառնալ: Մինչեւ այդ ավանգարդում գտնվում էր Վրաստանը»,- ասում է մեր զրուցակիցը:
Փաշինյանը, հիշեցնենք, անցած հոկտեմբերին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի առջեւ ունեցած ելույթում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան Բրյուսելը հնարավոր կհամարի: 2024-ի մարտին ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն, ըստ էության, ներկայացրել էր ԵՄ-ի զուսպ արձագանքը սրան․ «Իզվեստիա»-ի հարցին, թե արդյոք ԵՄ դռները բա՞ց են Հայաստանի համար, նա ասել էր, թե երկրներն իրավունք ունեն ձգտելու իրենց ժողովուրդների համար ավելի լավ ապագայի, եւ եվրոպական ցանկացած երկիր ինքը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է դիմել ԵՄ-ին անդամակցության համար:
Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, որը, ինչպես Փաշինյանն է ձեւակերպել, սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին ու խուսափում է ռուսական առանցքի շուրջ գործող միավորներում ակտիվությունից, բացառությամբ` ԵԱՏՄ-ի, որից օգուտներ է ստանում, Սերգեյ Մելքոնյանի խոսքով` շարունակվում է: Հայաստանը փաստացի շարունակում է անդամակցել ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին, այդ կառույցների որոշումների ընդունման համար խոչընդոտներ չի ստեղծում՝ խուսափելով Ռուսաստանի կտրուկ ռեակցիայից: «Սա նաեւ պայմանավորված է Արեւմուտքից՝ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից հնչող մեսիջներով, որ նրանցից ոչ ոք պատրաստ չէ վերցնել պատասխանատվությունը եւ աջակցել Հայաստանին՝ լինի տնտեսական, թե ռազմական ոլորտում: Հետեւաբար, Հայաստանը հավելյալ քայլեր չի անում: Սա բերում է նրան, որ Հայաստանը փորձում է ստեղծել հարաբերությունների նոր կարգավիճակ՝ այսպես ասած, նոր նորմալություն, որը կարող է հանգեցնել նաեւ որոշ փոփոխությունների Ռուսաստանի կողմից»,- բացատրում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Հայաստանը ոչ միայն չի դադարեցնում անդամակցությունը կազմակերպություններում, այլեւ չի վերանայում Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրերը՝ նախեւառաջ անվտանգության ոլորտում, թեեւ օրակարգում շարունակում է մնալ հարցը, թե ինչպես է Ռուսաստանն իրականացնելու իր պարտավորությունները, օրինակ, Ադրբեջանի հարձակման դեպքում:
Սերգեյ Մելքոնյանն ընդգծում է՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, այսպես ասած, նոր նորմալությունը չի կարող տարածվել ԵԱՏՄ-ի վրա, որից Հայաստանը շարունակում է օգուտներ ստանալ, եւ, փաստացի, երկրի ՀՆԱ-ի վերջին տարիների աճը մեծապես պայմանավորված է հենց այդ համագործակցությամբ: «Հայաստանը փորձում է ցույց տալ, որ այդ նոր մոտեցումը կարող է տարածվել նաեւ այլ կառույցների վրա, բայց, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, օրինակ՝ ԱՊՀ-ի դեպքում որեւէ պատրվակ չկա, որի վրա Հայաստանը կարող է հիմնվել եւ ասել, որ կազմակերպությունը չի բավարարում իր պահանջները, բայց ՀՀ իշխանությունը տեխնիկական քայլերի է դիմում՝ նվազեցնելու իր մասնակցությունն այն կառույցներում, որտեղ առանցքայինը ՌԴ-ի դերակատարումն է»,- ասում է Մելքոնյանը:
ԱԼԳ շրջանակում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ Լեհաստանի նախագահի հայտարարությունն ինչպե՞ս կընդունի Մոսկվան: Մելքոնյանի խոսքով՝ Ռուսաստանը սկզբունքորեն դեմ չէ, որ հետխորհրդային երկրները համագործակցեն ԵՄ-ի հետ, ինչը դրսեւորվել է նաեւ Ուկրաինայում: ՌԴ-ի համար կարմիր գիծը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է ու ՆԱՏՕ-ական ենթակառուցվածքի տեղակայումը երկրի տարածքում: «Տնտեսական համագործակցությանը ՌԴ-ն դեմ չէ, բայց խնդիրը հետեւյալն է՝ անհնարին է ունենալ բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ ԵՄ-ի հետ, միանալ բազմակողմանի տնտեսական պայմանագրին, երբ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է: ՌԴ-ի միակ մտահոգությունը կարող է լինել այն, որ Հայաստանը, ինչպես ՀԱՊԿ-ում, սառեցնի իր անդամությունը ԵԱՏՄ-ին, բայց Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությամբ: Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է հենց ԵԱՏՄ անդամակցությամբ, որի հետ համագործակցության խզումն ուղղակի կնշանակի շատ կտրուկ տնտեսական անկում, որը ԵՄ-ն պատրաստ չէ կոմպենսացնել»,- եզրափակում է մեր զրուցակիցը:
Ի տարբերություն քաղաքական լարվածության, տնտեսական ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցությունը տպավորիչ արդյունքներ է գրանցում: ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ստացած տնտեսական օգուտներից օրերս խոսել էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը՝ շեշտելով, որ 2024թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,3 մլրդ դոլարի նշագիծը՝ գերազանցելով ողջ անցյալ տարվա ցուցանիշը՝ 7,4 մլրդ դոլար: Ըստ նրա, այս տարի ռեկորդային նիշին` 14-16 մլրդ դոլարի կհասնի:
Իսկ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024 թ. 9 ամսվա ընթացքում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունն աճել է 94.4%-ով՝ կազմելով մոտ 10 մլրդ դոլար։ Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն էլ նույն ժամանակահատվածում աճել է 99,2 տոկոսով ու կազմել 9,7 մլրդ դոլար։ Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, ապա այս տարվա 8 ամիսների ցուցանիշներով, այն հասնում է 1 մլրդ 494.3 մլն դոլարի: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան-ԵՄ առեւտրաշրջանառությունը 1 մլրդ 848.4 մլն դոլար է կազմե»։