Foto

Փաշինյանի հենարանը ոչ թե ՀՀ քաղաքացիներն են, այլ Ալիևը. տեսանյութ

(ՀՀ-ից չեզոք երկիր ստանալու համար են անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը, որի հիմնական հասցեատերը ոչ թե հայ ժողովուրդն էր, և նույնիսկ ոչ թե այդ ժողովրդի առանձին խումբը՝ Փաշինյանի ընտրողները, այլ նրա իրական հենարանն իշխանության մեջ, այսինքն՝ Ադրբեջանը:

Սա հասկանալու համար պետք է դիտարկել «2 հանրաքվեային» հարցերը, որոնք Փաշինյանը շոշափել է Հանրային հեռուստատեսության լրագրողի հետ մեկուկես ժամ տևած զրույցում:

  1. Փաշինյանն առաջարկել է հանրաքվեի դնել արագաչափերի վերացման հարցը: Հիշեցնենք, որ դրանց վերացումը Նիկոլ Փաշինյանի «հեռավոր 2018 թվականի» խոստումն էր:

Իր խոստման իրականացման (կամ չիրականացման) պատասխանատվությունը Փաշինյանը նախընտրել է տեղափոխել ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ իր ընտրողների վրա, և առաջարկել է ցանկացողներին նախաձեռնել ստորագրահավաք և համապատասխան օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը: Ավելին, ինչպես նշել է Փաշինյանը, եթե նախաձեռնության օգտին հավաքվի 300 հազար ստորագրություն և հարցը դրվի հանրաքվեի, նա չի քարոզի ո՛չ արագաչափերի վերացման օգտին, ո՛չ էլ դեմ:

  1. Երկրորդ հարցը վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, «եթե այն չհամապատասխանի Բաքվի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագրին»։ Այսպես, Փաշինյանը նշել է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն պայմանագիր, ապա կառավարությունը պետք է այն ուղարկի Սահմանադրական դատարան:

«Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է մեր Սահմանադրությանը, մենք ստիպված կլինենք ընտրություն կատարել՝ կամ փոխել Սահմանադրությունը, կամ հրաժարվել պայմանագրից», — հայտարարել է նա: Այլ կերպ ասած, Փաշինյանը չի բացառել հանրաքվեի անցկացումն Ադրբեջանի պահանջով:
Իսկ այս հանրաքվեի ժամանակ Փաշինյանը միանշանակ քարոզելու է: Ավելին, նա կարող է մուրճը ձեռքին կրկին դուրս գալ քաղաքների ու գյուղերի փողոցներ և հայտարարել, որ «սահմանադրական փոփոխություններից հետո, ունենալով Իլհամ Ալիևի աջակցությունը, նա արդեն հաստատ «կվերադարձնի ամբողջ գողոնը և կբաժանի այն ժողովրդին»՝ կառավարության շենքի պատշգամբից»:

Շատ առումներով սա ցուցադրական է՝ Փաշինյանի հենարանը այն մարդիկ չեն, որոնք անհանգստանում են տեսախցիկների ու արագաչափերի քանակով, ու նա ապագայում չի հենվելու նրանց վրա՝ իշխանությունը պահպանելու փորձերի ժամանակ: Նա հենվելու է Ալիևի վրա: Հետևաբար, մի դեպքում ինքը քարոզելու և նախաձեռնելու է, իսկ մյուս դեպքում՝ ոչ:

Իլհամ Ալիևի «խոսող գլուխներից» մեկը՝ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը, ներկայացրել է ապագա հանրաքվեի սպասվող ուրվագծերը՝ նշելով Հայաստանի ապառազմականացումը (զինաթափումը) որպես Բաքվի պահանջներից մեկը: Հանրաքվեի միջոցով Փաշինյանը կարող է «անցկացնել որոշում» Հայաստանի ապադաշինքային կարգավիճակով երկրի վերածման մասին, ինչը կհանգեցնի ՀՀ-ից ռուսական ռազմական կոնտինգենտի դուրսբերմանը և կդառնա հայկական պետության ապառազմականացման հիմնական ակտերից մեկը:

Մտածե՛ք այդ մասին…»։