Foto

ՀՀ իշխանությունը առաջնորդվում է այն սկզբունքով, որ քանի Ադրբեջանը ուժեղ է, պետք է Ադրբեջանին հանձնել կամ զիջել այն, ինչ պահանջվում է. Աբրահամյան

Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ որոշակի դադարից հետո բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, այս փուլի գլխավոր և թերևս ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են:

«Ինչու՞ եմ այդպես համարում, որովհետև կողմերը քննարկում են սահմանային այն տեղամասերի հաջորդականությունը, որտեղով պետք է հերթականությամբ տեղի ունենա, այսպես կոչված, դելիմիտացիան:

Ադրբեջանը ձգտում են հասնել իր համար առաջնահերթ համարվող ուղղություններում պրոցեսի իրականացմանը, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանից տարածքների «խաղաղ խլելուն» և իր համար պատեհ պահին` գործընթացը սառեցնելուն կամ տապալելուն:

ՀՀ իշխանությունն էլ առաջնորդվում է այն սկզբունքով, որ քանի Ադրբեջանը ուժեղ է կամ ռեգիոնում ուժերի հավասարակշռությունը չի վերականգնվել, պետք է Ադրբեջանին հանձնել կամ զիջել այն, ինչ պահանջվում է», - կարծում է նա: