Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները շարունակվում են, և շատ է խոսվում այն մասին, որ կողմերը մոտ են հրադադարի կնքմանը։ Այդուհանդերձ, իսրայելական կողմից առաջ քաշվող նորանոր ծանր նախապայմանների պարագայում հրադադարը դեռևս տեսանելի չէ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանն՝ անդրադառնալով Լիբանանում տիրող ռազմաքաղաքական իրադրությանն ու Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցություններին։
«Նախօրեին, օրինակ, իրավիճակը շատ ծանր էր, որովհետև Բեյրութը բազմաթիվ հրթիռակոծությունների էր ենթարկվում Իսրայելի կողմից, որի հետևանքով մայրաքաղաքում շենքերի փլուզումներ և զոհեր եղան։ Այդուհանդերձ, սրան առընթեր նաև անվերջ խոսվում է հրադադարի մասին, հայտարարություններ են հնչում այն մասին, որ կողմերը մոտ են հրադադարին, բայց դա դեռևս տեսանելի չէ, քանի որ Թել Ավիվի կողմից առաջ քաշվող պայմանները բավականին ծանր են»,-իր խոսքում նշեց Գանտահարյանը՝ նկատելով, որ բանակցություններից հետո Իսրայելը շարունակում է առաջ քաշել նորանոր պահանջներ՝ ամեն անգամ ավելի խստացնելով դրանք։
Շահան Գանտահարյանի խոսքով՝ Իսրայելն, օրինակ, պահանջում է, որ «Հեզբոլլահ»-ի զինաթափումից հետո իսրայելական զորքերը ևս 60 օր շարունակեն մնալ լիբանանյան տարածքներում կամ պահանջում է ամբողջապես կազմաքանդել «Հեզբոլլահ»-ի համակարգն ու ենթակառուցվածքները։
«Իսրայելը նաև պահանջում է, որ լիբանանյան բանակը տեղակայվի երկրի հարավային սահմանում և հսկի նաև օդային, ջրային և ցամաքային բոլոր հատվածները։ Բացի այդ, խնդիրներ կան նաև հրադադարի պայմաններում ընդհանուր համաձայնությունն ապահովելու համար ստեղծվելիք միջազգային հանձնախմբի կամ հանձնաժողովի կազմի հարցում, քանի որ իսրայելական կողմը դեմ է, որ, օրինակ, Ֆրանսիան ներգրավվի այդ հանձնախմբի մեջ», - պարզաբանեց միջազգայնագետը՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում Ֆրանսիայի և Իսրայելի հարաբերությունները որոշակի առումներով լարված են։
Խոսելով Իսրայելի կողմից առաջ քաշվող այլ նախապայմանների մասին՝ Գանտահարյանը հայտնեց, որ սահմանին միջազգային հանձնաժողովի տեղակայվելուց զատ, Թել Ավիվը պետք է իրավունք ունենա ցանկացած պահի ռազմական գործողություններ իրականացնել Լիբանանում, եթե նկատի, որ վերջինս սպառազինվում է կամ ինչ-որ շարժում է սկսվել։
«Միացյալ Նահանգների պատվիրակի միջնորդությամբ հրադադարի շուրջ անցկացվող բանակցությունների արդյունքում նախագիծը որոշ վերապահումներով հավանության է արժանացել Լիբանանի կողմից։ Վերջինս անգամ ասել էր, որ դեմ չէ, որ լինի միջազգային վերահսկիչ հանձնախումբ և դեմ չէ, որ, օրինակ, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան լինեն այդ հանձնախմբի անդամ պետությունները։ Այսուհանդերձ, հիմա գնդակն իսրայելական դաշտում է», - հայտնեց Շահան Գանտահարյանը։
Անդրադառնալով հարցին, թե որքա՞ն են իսրայելական ռազմական ուժերը կարողացել ներթափանցել Լիբանանի հարավային տարածքներ՝ զրուցակիցը նկատեց, որ ներխուժման աշխարհագրությունը դեռևս պարզ չէ, որովհետև ցամաքային գործողությունները թեժ են և նույնիսկ կան տեղեկություններ, որ իսրայելական բանակը թափանցում է որոշ տարածքներ, հետո հետ քաշվում, իսկ հետո նորից վերադառնում։
«Կարծում եմ, որ մի քանի կիլոմետր արդեն թափանցել են, բայց չի բացառվում, որ մեկ-մեկ հետ են քաշվում, հետո էլի վերադառնում։ Սա է ընդհանուր վիճակը, այսինքն՝ նրանք իրենց բուֆերային զոնան դեռևս չեն ձևավորել, դրա համար նաև հարավում մարտերը շարունակվում են։ Օրինակ՝ քիչ առաջ ազդարարեցին, զգուշացրին ամբողջ մի գյուղի բնակչության ելքի մասին, որովհետև երկրի հարավային շրջանում կան գյուղեր, որոնք իսրայելական հարվածներից ուղղակի ամբողջապես համահարթեցվում են, իսկ Բեյրութի հարավային արվարձաններում և հենց Բեյրութում անգամ պարզապես շենքեր են փլուզվում։ Այսինքն, եթե մայրաքաղաքում թաղամասեր են փլուզվում, այնտեղ ամբողջ տարածքներ, գյուղեր, բնակավայրեր են համահարթեցվում, շատ ծանր մարտեր են այդ առումով», - նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։
Անդրադարձ կատարելով դիտարկմանը, թե իսրայելական կողմը հայտարարում է, որ այդ հարվածներն իրականացնում է ի պատասխան «Հեզբոլլահ»-ի հարվածների՝ Շահան Գանտահարյանը նկատեց, որ այդ պատասխան գործողությունների շղթան անվերջ կարելի է շեշտել։
««Հեզբոլլահ»-ն Իսրայելին է պատասխանում, Իսրայելը՝ «Հեզբոլլահ»-ին, բայց կարծում եմ, որ սա պլան է, և Իսրայելը նպատակադրված է վերականգնել իր հյուսիսային հատվածի անվտանգությունը և իր հյուսիսային բնակավայրերից տեղահանված կամ տեղափոխված ժողովրդին հետ վերադարձնել։ Այդ է պատճառը, կարծում եմ, որ հիմա առաջ է քաշվում այն նախապայմանը, որ ցանկացած պահին Իսրայելը հնարավորություն ունենա օդային հարձակումներ գործել անգամ հրադադարի համաձայնությունից հետո, ինչն, իհարկե, կարծում եմ՝ սպառնալիք է ամբողջ Լիբանանի համար», - շեշտեց միջազգայնագետը։
Նա նաև հավելեց, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի շուրջ բանակցություններն անցկացվում են միջնորդի օգնությամբ, որը հանդիսանում է Միացյալ Նահանգները։
«Միջնորդավորված են, որովհետև Լիբանանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան», - ասաց Գանտահարյանը՝ մանրամասնելով, որ նույնն արվել է նաև ծովային սահմանազատման դեպքում, որը, միջազգայնագետի կարծիքով, համաձայնություն է Միացյալ Նահանգների և Իրանի միջև։
Գանտահարյանի փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանում են ինչպես Բեյրութում, այնպես էլ Թել Ավիվում․ «Ամերիկացի պատվիրակը գալիս է Բեյրութ, հետո անցնում է Իսրայել, տանում է նախագիծը»։
Միջազգայնագետի խոսքով՝ գնդակն այժմ իսրայելյան կիսադաշտում է, քանի որ Բեյրութն իր համաձայնությունը, մեծ հաշվով, տվել է, որը սեղանին դրված 1701 բանաձևն է՝ ընդունված Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից։ Համաձայնությունը հիմնականում 1701 բանաձևի շուրջ է՝ չհաշված իսրայելական կողմից վերջին առաջ քաշված նախապայմանները։
«Իսրայելն այդ հրադադարի համաձայնության մեջ ցանկանում է ներառել ավելի փաթեթային կետ այն առումով, որ պիտի համաձայնություն լինի նաև ցամաքային սահմանազատման վերաբերյալ։ Ծովային սահմանազատումը եղել է, հիմա նրանք ցանկանում են, որ ցամաքային սահմանը նույնպես սահմանազատվի»,-ասաց Գանտահարյանը։
Անդրադառնալով Լիբանանի հայ համայնքի շրջանում տիրող իրավիճակին՝ Գանտահարյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 22-ին Անթիլիասի Մայրավանքում Լիբանանում գործող հայ քաղաքական կուսակցությունների և հոգևորականների մասնակցությամբ տեղի է ունեցել շատ մեծ նշանակություն ունեցող հանդիպում։
«Սա շատ կարևոր է նաև այն առումով, որ լիբանանահայ համայնքը նման ճգնաժամերում մնում է միասնական, ինչը բացակայում է այլ համայնքների դեպքում», - ընդգծեց Շահան Գանտահարյանը՝ շեշտելով, որ նմանօրինակ հանդիպումները վկայում են լիբանանահայ համայնքի միասնական և կուռ լինելու մասին։