Foto

Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերում․ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը զգուշացնում էր

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների լոզունգներով նախապատրաստում էին կործանարար իշխանափոխությունը, ՀՀ Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանը, հանգամանորեն նկարագրելով իրավիճակը, պատասխանում էր հայ ժողովրդի զարգացմանը, անվտանգությանը և խաղաղ գոյակցությանն առնչվող հարցերին:

Կանխազգալով աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում սպասվելիք հնարավոր զարգացումները, Սերժ Սարգսյանը խորհրդարանում հայտարարել էր. «…Մեր ընդհանուր քաղաքականության գաղափարախոսությունը հետևյալն է՝ շահել միշտ համագործակցության շնորհիվ, երբեք չփորձել շահել ուրիշների կոնֆլիկտի հաշվին, որովհետև դա անհեռանկար, անհեռատես քաղաքականություն է: Եվ իրականության մեջ մենք տեսել ենք և ունենք մեր տարածաշրջանում օրինակներ, թե ինչի կարող է բերել այն քաղականությունը, որ հակառակն է վարվում, այսինքն՝ փորձել շահել ինչ-որ հակասությունների պայմաններում, դա մեզ համար ձեռնտու չէ»:

Միևնույն ժամանակ, հայաստանյան հանրային դաշտը, օտար տեխնոլոգիաների ազդեցությամբ, մանիպուլյացիաների ու էյֆորիայի մեջ խրված, ի զորու չէր լսել ռացիոնալ կառավարում և հայանպաստ որոշումներ կայացրած ղեկավարի խոսքը:

Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին: Մարդիկ մոռացել էին Արցախի ապագայի մասին, Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության մասին, քաղաքականության դաժան պատիժների մասին, մեր ժողովրդի պատմության դասերի մասին, սեփական ապագայի մասին: Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է «երջանիկ ապագա և անհոգ կյանք»: Փոխարենը եղավ մեծ ողբերգություն, համազգային ծանր կորուստներ և կապիտուլյացիոն խայտառակություն:

Հանրապետության 3-րդ նախագահը նույն օրը ԱԺ-ում արեց նաև հետևյալ հայտարարությունը. «…Ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ ցանկացած հակամարտություն միշտ բերում է բևեռացման՝ տարբեր հակադիր ուժերի միջև: Այն բևեռացումը, որն այսօր կա մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների կամ Արևմուտքի միջև, իհարկե, հղի է ավելի մեծ վտանգներով, և մեզ պարտադրում է շատ խելամիտ, մյուս կողմից՝ հաստատակամ քաղաքականություն վարել: Այո՛, մենք ունենք դաշնակիցներ, մենք ունենք գործընկերներ և մենք պետք է այդ կանոնները պահենք: Հակառակ պարագայում, երբ, ինչպես ասում են՝ այդ ուղտը մեր դռանն էլ չոքի, որպեսզի  կարողանանք ակնկալել համապատասխան վերաբերմունք՝ ինչպես դաշնակցային, այնպես էլ գործընկերային»:

Շուրջ 7 տարի առաջ արված այս ճշմարիտ հայտարարությունների մեջ ամփոփված են վերջին տարիների գրեթե բոլոր զարգացումները: Նիկոլի վարած քաղաքականությունն ու կառավարած Հայաստանը՝ Արցախի հետ միասին, վերածվեցին ուրիշների կոնֆլիկտների հաշվին պարտված, բզկտված, ահաբեկված, կորցրած ու ապագայի անորոշությունների մեջ ընկղմված երկրի: Գործող կառավարիչներն իրենց աննախադեպ ձախողումների պարագայում անգամ  այսօր չունեն Հայաստանի հանրապետության ապագայի համար որևէ լուծում, տեսլական, իրական պատկերացումներ:

«Հեղափոխական» Հայաստանն իր անպատասխանատու, անվստահելի ու կեղծիքածին քաղաքականության շնորհիվ մնացել է մենակ, առանց ռեալ դաշնակցի, առանց օգտակար գործընկերոջ ու բարեկամի, առանց սեփական ուժերով որևէ բան անելու ընդունակությունների:

Մենք միշտ ասել ենք և հիմա էլ ասում ենք՝ փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերում: Փոքր պետությունների ղեկավարներն իրավունք չունեն մի կողմ թողնել իրենց ազգային շահերը և զբաղվել այլ տերությունների հակասությունների վրա սեփական իշխանությունը պահելու մոլուցքով: Դրա անդառնալի գինը վճարում են ժողովուրդն ու նրա սերունդները՝ իրենց Հայրենիքի տարածքների, անկախության ու անվտանգության հաշվին:

Փոքր պետությունները նման իրավիճակում իրենց մեջ ուժ են գտնում ձերբազատվելու արկածախնդիր և ձախողված իշխանություններից: Իրենց մեջ ուժ են գտնում համախմբվելու, բոլոր ռեսուրսներն ի մի բերելու, սառը և ճշգրիտ հաշվարկելու ստեղծված իրավիճակն ու ամենայն պատասխանատվությամբ վերաբերվելու իրենց սերունդների ապագային:

Քաղաքականության մեջ  իմաստուն ազգերի ճակատագիրը որոշում են ոչ թե օտարները, այլ հենց իրենց պատասխանատու էլիտաները, իսկ խելամիտ էլիտաներին ձևավորում է հենց ժողովուրդը, ոչ թե օտարները»: