Foto

Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշար բնակավայրի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ջերմաքարշ գնացքին և բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW» մակնիշի ավտոմեքենան, ինչից «BMW»-ում հրդեհ է բռնկվել: Հրշեջները մարել են կրակը, սակայն «BMW»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած կիսամարմին, մարմնի մի մասն էլ հայտնաբերվել է գնացքի գծերի վրա: