Բացահայտվել են զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով հիմքեր ստեղծելու համար մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, տալու, պաշտոնատար անձանց կաշառք տալու փորձի, ինչպես նաև կաշառքի պատրվակով գումար ստանալու և կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ կատարելու դեպքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքերի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեն:
«Գ. Մ.-ն մտադրվել է պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում իր որդու՝ զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը և այդ նպատակով դիմել է իր մտերիմ, ՀՀ ՊՆ նախկին աշխատակից Բ. Հ.-ին, ով համաձայնել է օժանդակել համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու հարցում: Դրանից հետո, տեղեկանալով, որ իր ծանոթի ընկերը՝ Ա. Մ.-ն, մտերիմ հարաբերություններ ունի Երևանում գործող բժշկական կենտրոնների մեկի բժիշկ Ս. Հ.-ի հետ, իր ծանոթի միջոցով դիմել է Ա. Մ.-ին՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը վերոհիշյալ բուժհաստատության բժիշկների միջոցով կազմակերպելու համար:
Այդ նպատակով Ա. Մ.-ն հանդիպել է բժիշկ Ս. Հ.-ի հետ, ով պատրաստակամություն է հայտնել քննարկել զորակոչիկին կեղծ հիվանդության հիմքով 13.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հարցը: Այնուհետև զորակոչիկի հայրը 2023 թվականի հունիսի 17-ին Բ. Հ.-ին փոխանցել է հիշյալ կաշառքի գումարը, որը վերջինս իր հերթին փոխանցել է Ա. Մ.-ին:
2023 թվականի հուլիսի 26-ին Բ. Հ.-ն Ա. Մ.-ին տեղեկացրել է, որ նրա որդուն տարկետում են տրամադրել զինվորական ծառայության զորակոչից: Սակայն քննությամբ պարզվել է, որ Ս. Հ.-ն զորակոչիկին զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու գործընթացը կազմակերպելու համար իրականում որևէ իրավասու պաշտոնատար անձի չի դիմել և կաշառքի միջնորդության պատրվակով պայմանավորված գումարը՝ 13.000 ԱՄՆ դոլարը, Ա. Մ.-ից չի պահանջել ու ստացել, իսկ վերջինս այդ գումարն օգտագործել է սեփական կարիքների համար՝ դրանք տանուլ տալով խաղատանը:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ մեկ այլ զորակոչիկ 2023 թվականի ամառային զորակոչի շրջանակում հետազոտման նպատակով, ուղեգրվել է վերը նշված նույն բժշկական կենտրոն, որտեղ Ա. Մ.-ն կրկին հանդիպել է Ս. Հ.-ին և քննարկումներ ունեցել վերջինիս հետ, ապա զորակոչիկի հորը՝ Ա. Պ.-ին տեղեկացրել, որ հնարավոր է նրա որդու՝ զինվորական ծառայությունից ազատելու հարցը վերջնական լուծում ստանա:
Դրանից հետո Ա. Մ.-ն Ս. Հ.-ին ներկայացրել է կաշառք ստանալու առաջարկ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտությունները շարունակելու և զորակոչից ազատելու նպատակով հիմքեր ստեղծելու համար, ինչը բժիշկ Ս. Հ.-ն ընդունել է և 2023 թվականի հուլիսի 3-ին Ա. Մ.-ի միջոցով ստացել զորակոչիկի հոր կողմից տրված 300 ԱՄՆ դոլար կաշառքը:
Բացի այդ, հիշյալ քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դիմաց «B» և «C» կարգերի վարորդական վկայական տրամադրելու երկու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Ս. Կ.-ն Ա. Մ.-ից ու ևս մեկ անձից Ա. Ա.-ի միջոցով ստացել է ընդհանուր 600.000 ՀՀ դրամ կաշառք՝ որի դիմաց ՃՈ տեսուչը, առանց հիշյալ անձանց՝ տրանսպորտային միջոց վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները ստուգելու, վերջիններիս տրամադրել է վարորդական վկայականներ»,- նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձի՝ այդ թվում՝ Ա. Մ.-ին, բժշկական կենտրոնի բժիշկ Ս. Հ.-ին, վերջիններիս օժանդակած Բ. Հ.-ին և Ս. Մ.-ին, ինչպես նաև ՃՈ տեսուչ Ս. Կ.-ին:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: