Խաղաղության պայմանագրի բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում այս պահին չկա: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Նրա փոխանցմամբ՝ այս պահին ՀՀ-ն և Ադրբեջանն ուղիղ են բանակցում և արդեն շատ վաղուց։ Իսկ բանակցությունների արդյունքներին փոխնախարարը գնահատական չի տալիս։ Միայն արձանագորում է, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի դրույթների մասով նոր համաձայնեցված կետեր չկան, գերիների ազատման և կոմունիկացիաների ապաշրջափակման կետերը ներառված չեն այդ փաստաթղթում։
«Հոդվածների թվում, որ նախորդ անգամ փոխանցվել է Ադրբեջանին, ոչինչ չի փոխվել: Կան հարցեր, որոնք դեռևս շարունակում են մնալ չհամաձայնեցված կողմերի միջև, և երկու կողմերի միջև բանակցությունները շարունակվում են: Որևէ կոկրետ պայմանավորվածություն, նախարարների կամ երկրների ղեկավարների մակարդակով, չկա, բայց հայկական կողմը շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը»,- նշեց նա:
Ստացվում է, որ 2020թ-ից ի վեր ուղիղ բանակցում ենք Արդրբեջանի հետ, լսում և կատարում ենք որոշ նախապայմաններ, ընդհուպ նախաձեռնել ենք Սահմանադրության փոփոխություն, առանց կանոնակարգի հաստատման գնացել ենք սահմազատման, հաստատել ենք այդ կանոնակարգն այնպես ինչպես ցանկացել է Ադրբեջանը՝ թողնելով մի շարք խնդրահարույց դրույթներ և այլն, բայց արդյունքների մասին խոսելիս միայն հույս ենք հայտնում, որ ինչ-որ տեսքով ինչ-որ համաձայնագիր կկնքվի, ընդ որում՝ բնավ հաշվի չառնելով դրա բուն բովանդակոթյունը։ Ամենակարևորն այն է, որ ուղիղ բանակցությունների ամբողջ ընթացքում հայտարարում են, որ ռազմական էսկալացիայի մեծ վտանգ կա և զուգահեռ հերքում ընդդիմության այն թեզը, որ բանակցություններն ընթանում են ուղիղ ճնշման և ագրեսիայի սպառնալիքի ներքո։ Տրամաբանական հարց է ծագում՝ եթե սա չի արվում զուտ իշխանությունը երկարաձգելու տրամաբանությունից ելնելով, ապա ինչո՞ւ և որտե՞ղ է հայկական օրակարգը։









