ՌԴ դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Արիստովը և ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը երկու երկրների հարկադիր կատարման մարմինների միջև 2026-2027 թվականների համագործակցության ծրագիր են ստորագրել Երևանում։
«Աշխատանքային այցեր, պրակտիկաներ և գերատեսչությունների խորհրդատվություններ նախատեսող համագործակցության ծրագիրը համագործակցության նոր հորիզոններ է բացում, – հանդիպման ժամանակ ընդգծել է Դմիտրի Արիստովը։ – Մեզ համար շատ հետաքրքիր է Հայաստանի արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության փորձը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում հարկադիր կատարման ոլորտում նոր գործիքների ձևավորման գործում»։
Ռուսաստանցի գործընկերները պատմել են դատարանների գործունեության սահմանված կարգն ապահովելու վերաբերյալ դատական կարգադրիչների լիազորությունների մասին (նրանք պատասխանատու են դատարանի անվտանգության, դատավորների և դատավարության մասնակիցների պաշտպանության համար) և ներկայացրել դատական որոշ որոշումների կատարման իրենց փորձով։
Միջազգային հանդիպման մասնակիցները քննարկել են մասնագիտական ոլորտին առնչվող արդիական հարցեր։ Հայ գործընկերները պատմել են «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի մասին, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից և ամբողջությամբ վերափոխել Հայաստանում հարկադիր կատարման գործընթացը։
Բացի այդ, դատական կարգադրիչների դաշնային ծառայության տնօրենը հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։ Նրանք կարևորել են երկու երկրների հարկադիր կատարման մարմինների միջև առկա կառուցողական երկխոսությունը։
Դատական կարգադրիչների դաշնային ծառայության ղեկավարը նաև հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Ռուսական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և այցել հայ ժողովրդի պատմության ողբերգական իրադարձություններին նվիրված թանգարան-ինստիտուտ։ Ի հիշատակ ցեղասպանության զոհերի՝ ծառայության տնօրենը ծառ է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող ծառուղում։









