Foto

Շան տղի ընտրություններ. մութ տեղը լո՛ւյս են տալի, լո՛ւյս

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ուշագրավ հայտարարություն է արել: «Քամալա Հարրիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար քրիստոնյա հայերը դաժանաբար պատժվեցին ու բռնությամբ տեղահանվեցին Արցախից։ Քրիստոնյաները ամբողջ աշխարհում ապահով չեն լինի, եթե Քամալա Հարրիսը լինի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես նախագահ լինեմ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Թրամփը:

Առաջին հայացքից ճշմարտությունն է ասում, բայց …

Չորս տարի առաջ այս օրերին նույն Թրամփն այնքան էր տարված իր ընտրություններով, որ գրեթե մատը մատին չտվեց՝ Արցախում արյունալի պատերազմը կանխելու համար: Այդ առումով էական չէ, թե ո՞վ վիժեցրեց հրադադարի ամերիկյան նախաձեռնությունը՝ Ալիև՞ը, թե՞ Նիկոլը: Նույնիսկ վերջնականապես անհասկանալի է՝ այդ նախաձեռնությունը վիժեցվե՞ց, թե ծնվել էր՝ մահանալու համար: Դա կիմանանք, երբ Հայաստանում լինի արդար իշխանություն:

Վերադառնանք Թրամփին: Թող չթվա, թե Թրամփը քրիստոնյաների նորահայտ Որբանոս Երկրորդ Պապն է կամ Պետրոս Անապատականը ու հիմա ամբողջ աշխարհի քրիստոնեաներին կհանի խաչակրաց արշավանքի: Մեր աչքի առաջ ցեղասպան Թուրքիան վայելում է նույն ԱՄՆ-ի և նրա բոլոր վարչակազմերի հովանավորչությունը, ՆԱՏՕ-ի անդամ է և այլն: Հենց այս օրերին Լիբանանում բազմաթիվ քրիստոնեաներ են սպանվում Ամերիկայի հովանավորյալ իսրայելցիների ռմբակոծություններից, ու ի՞նչ:

Մի հետաքրքիր նկատառում ևս. Թրամփը օգտագործում է «Արցախ» եզրույթը: Ո՞վ ինձ կասի՝ աշխարհում ընդհանրապես, իսկ Նահանգներում՝ նասնավորապես, քանի՞ հոգի գիտի ի՞նչ է Արցախը, բացի հայերիցս: Ի՞նչ քարտեզ կարող են նայել՝ Արցախը գտնելու համար, ի՞նչ միջազգային իրավական փաստաթուղթ կարող են կարդալ, որտեղ սուբյետը կամ օբյեկտը Արցախն է: Ուրեմն այս հայտարարությունն արվել է ընտրություններից առաջ ԱՄՆ հայության ձայները շահելու համար: Նույն բանը ժամանակին արվում էր՝ շահարկելով ցեղասպանություն - եղեռն եզրույթները: Պաշտոնապես այն չի ճանաչվում որպես ցեղասպանություն, բայց «եղեռն» եզրույթով մշտապես իրենց դեմքը փրկել են ապրիլի 24-ին և ընտրությունների քարոզարշավներում:

Եվ վերջապես՝ «… մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»: Նկատեք, Թրամփը ոչ թե խոսում է հայերի՝ Արցախ վերադարձի մասին, այլ ընդամենը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության: Նիկոլն ու Ալիևն էլ են խոսում այդ խաղաղությունից, մենք էլ ենք կենաց ասում խաղաղության մասին, բայց դրանով խաղաղություն չի լինում: Խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի, այլապես այն վերածվում է ժամանակավոր հրադադարի, որը ցանկացած ժամանակ կարելի է կրկին բորբոքել՝ նույն Միացյալ Նահանգների այսրոպեական ինչ-որ շահը սպասարկելու համար: Հիշեցնեմ ամերիկացիների առաջարկը վրացիներին՝ դուք հիմա Ռուսաստանի դեմ կռիվը սկսեք իհարկե, ընդամենը մի երեք օր կդիմանաք, բայց ոչինչ, հետո կանցնեք պարտիզանական պայքարի …

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան