Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրամանը՝ սույն թվականի փետրվարի 1-ից դադարեցնել ՀՀ ԶՈՒ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում, իրականացված է օրենսդրական խախտումներով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Ըստ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի՝ Եկեղեցուն իրավունք է վերապահված ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասերում։ Իսկ Մայր Աթոռի ևՊաշտպանության նախարարության միջև կնքված Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետի համաձայն՝ ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով», – նկատեցին Մայր Աթոռում։
Այնտեղ նաև հավելեցին, որ «գնդերեցները տասնամյակներ շարունակ հոգեխնամ նվիրյալ ծառայություն են բերել Հայոց բանակում, նպաստել հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորմանը, ամրապնդել զինվորականների հավատքն առ հայրենին սերը, պետականության հանդեպ պատասխանատվության գիտակցությունը և մարտական ոգին»։
«Արցախյան պատերազմի ընթացքում գնդերեցները մշտապես գտնվել են մեր սպաների և զինվորների կողքին առաջնագծում և զորակից եղել նրանց քաջարի պայքարի ընթացքում։ Զինված ուժերում հոգևոր ծառայության վերաբերյալ սույն որոշումը չի բխում մեր զինվորների և ՀՀ բանակի շահերից և կարիք ունի պարզաբանումների ու վերանայման», – հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական բաժնում։









