ՀՀ կառավարությունը
Ազգային ժողով էր ներկայացրել 2024 թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի
Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային
անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության
միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին»
կանոնակարգը։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները
չմասնակցեցին կանոնակարգի քննարկմանը։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն
տարածեց և կանոնակարգն անվանեց հակապետական գործողությունների հերթական քայլը։
«Այդ կանոնակարգի վավերացմամբ՝ գործող վարչախումբը շտապում է իրավական շղարշ հաղորդել Ադրբեջանի թելադրանքով իրականացվող՝
Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խաթարող և հետագա տարածքային
լրջագույն զիջումներ պարունակող գործընթացին։ Կատարելով վարչախմբի պատվերը, Սահմանադրական
դատարանը, առանց որևէ կերպ անդրադառնալու բուն խնդրին՝ կանոնակարգի դրույթների համապատասխանությանը
Սահմանադրությանը, կամայական մեկնաբանությունների միջոցով փաստացի փոխել է Հայաստանի
Հանրապետության Սահմանադրության նախաբանը՝ դրանից հանելով մեր Սահմանադրության հիմքը
հանդիսացող «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության
հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»»,- նշված է ՀՀԿ ԳՄ հայտարարությունում:
ՀՀԿ-ն մտահոգություն
է հայտնում, որ «Սահմանադրական դատարանի այս խայտառակ որոշումը, անկասկած, օգտագործվելու
է Հայաստանի վարչախմբի կողմից՝ իր հետագա կապիտուլյանտական քաղաքականությունը «լեգիտիմացնելու»
նպատակով»։
ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ
ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Vesti.am-ի հետ զրույցում մանրամասն
նկարագրեց, թե որտե՞ղ և ի՞նչ վտանգներ են տեսնում։ «Ինչի համար է մի փաստաթուղթ,
որը որևէ տրամաբանությամբ չպիտի անցներ վարերացման այս փուլերը՝ ՍԴ-ԱԺ-նախագահ, անցնում
է դրանք։ Այն, ո՛չ փաստթղթի պահանջ է, ո՛չ էլ՝ մեր օրենսդրության, ապա անհասկանելի է, թե ինչո՞ւ
է այն անցնում այս փուլերով։ Եթե նույնիսկ որոշել են այս սխալ ընթացակարգով գնալ, ապա
ծագում է հաջորդ հարցը՝ ինչո՞ւ է Սահմանադրական դատարանը պատասխանում լրիվ այլ հարցի։
ՍԴ-ին հարցնում են, քանի տարեկան ես, ինքը պատասխանում է՝ մածունը սպիտակ է: Ինչո՞վ
է պայմանավորված ՍԴ որոշման մեջ հղումը՝ Անկախության հռչակագրին․ դա ՍԴ-ին չէին հարցրել։
Համադրելով այս երկու փաստերը՝ վավերացման չենթակա փաստաթուղթը վավերացման բերելը և
ՍԴ-ի անձագանքը մի բանի, որն իրեն չէին հարցրել,
մենք մտածում ենք, որ սրանով պատրաստվում է իբր իրավական հիմք՝ հետագա հակապետական
զիջումների համար։ Իսկ թե ինչպե՞ս կարող են արտահայտվել այդ զիջումները՝ ամենաթարմ
օրինակը Կիրանցն է, երբ ՀՀ տարածքից հողեր հանձնվեցին և դա մանիպուլատիվ փորձում են ներկայացնել այլ կերպ։ Նույն է, երբ լրագրողից
խլեմ խոսափողը, ասեմ այլևս չեմ տալիս և խմբագրություն գնալով՝ լրագրողն ասի, որ այդ
խոսափողը երբեք էլ իրենը չի եղել։ Հիմա ՀՀ-ում նույն է՝ խլել են մեր տարածքը, իսկ ՀՀ
իշխանությունն ասում է, այդ տարածքները երբեք էլ մերը չեն եղել։ Սա արվում է նրա համար,
որ հետագայում ասի, թե այս կամ դրույթը նշված է կանոնակարգում, որն անցել է ՍԴ—ԱԺ—նախագահ
վավերացման ճանապարհով և լեգիտիմ է»,-ասաց Մամիջանյանը։
Մամիջանյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները կանոնակարգի քննարկամանը որևէ կերպ չմասնակցեցին, քանի որ չէին ցանկանում, որևէ կերպ
լեգիտիմացնել այս հակապետական գործընթացը։ Որպես խնդրի լուծում՝ կրկին տեսնում են իշխանափոխությունը
և հաստատակամ ասում, որ այս տարիների ընթացքում ամեն ինչ արել են և շարունակելու են
հնարավոր ամենը՝ միչև ՀՀ-ում իշխանափոխության հասնելը։









