Foto

Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ. այն պատասխանատու առաքելություն է. Ալեն Սիմոնյան

Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ. այն պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց: Այս մասին ասվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձում ուսուցչի օրվա կապակցությամբ:

«Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է Ուսուցչի միջազգային օրը: Այս օրը եւս մեկ առիթ է խոսելու այն կարեւոր դերի մասին, որն ունեն ուսուցիչները սերունդների կրթման գործում: Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ. այն պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց: Ուզո՞ւմ ենք ունենալ լավ ապագա, պետք է ունենանք պետությունը սիրող, կրթված ու պահանջատեր երիտասարդություն, որի ձեւավորման ու կայացման «բեռն» էլ դրված է մեր ուսուցիչների ուսերին: Վստահ եղեք, այդ բարդ ճանապարհին Հայաստանի իշխանությունները կանգնած են ձեր կողքին, որպեսզի միասին հասնենք ցանկալի արդյունքին:

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ ձեզ բեղմնավոր աշխատանքային գործունեություն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության եւ պայծառ ապագայի»: