Foto

Մարզահամերգային համալիրում մեկնարկել է WCIT2024 համաժողովը

Մեկնարկել է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024-ը, որի ընթացքում շուրջ երեք (հոկտեմբերի 4-7) օր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվեն արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ ու ելույթներ միջազգային հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ համաժողովի բացման պատոնական արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ բացման համերգային աննախադեպ ծրագրով։ Երեկ WCIT2024-ի շրջանակում նաև Մերիդիան կենտրոնում մեկնարկել էր ԴիջիԹեք էքսպոն, որը կանցկացվի մինչև հոկտեմբերի 6-ը։

WCIT2024/DigiTec-ը Հայաստանում կհյուրընկալի ավելի քան 2000 միջազգային պատվիրակների և խոսնակների աշխարհի տարբեր երկրներից՝ Արվիդ Բելլ (Arvid Bell), Էշթեր Վուժիցկի (Eshter Wojcicki), Տակ Լո (Tak Lo), Ռոդրիգո Մեսսի (Rodrigo Messi), Իբրահիմ Գեդեոն (Ibrahim Gedeon), ուրիշներ (Oրակարգը՝ այստեղ

Մասնավորապես, «REDDS Capita»-ի նախագահ Սթեֆըն Իբառակին (Stephen Ibaraki) կխոսի հզոր նորարարական ձեռքբերումների օգտագործմամբ խոստումնալից ապագա ստեղծելու մասին։ Աշխարհահռչակ Calvin Klein բրենդի հավաքածուների ռազմավարության տնօրեն Ֆրանչեսկա Բերտազզոն (Francesca Bertazzo) կներկայացնի մարքեթինգում և սոցիալական մեդիայում նոր լսարանի ներգրավման գործում ԱԲ-ի կիրառության մասին։ Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը կկիսվի ԱԲ-ի զարգացումների և կյանքի բոլոր ոլորտներում դրա ներթափանցման մասին իր տեսլականով։

Համաժողովի հատուկ հյուրեր՝ Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը և միջազգայնորեն հայտնի Agenus ընկերության տնօրեն Գարո Արմենը, կխոսեն հեղափոխական բժշկության մեջ արհեստական բանականության (ԱԲ) կիրառության մասին։ 

Արմենկո կապիտալի խորհրդի նախագահ Ալեքս Եմենդջիանը հանդես կգա տպավորիչ ելույթով՝ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու ռազմավարությունների վերաբերյալ։ Այս և տասնյակ այլ համաշխարհային խոսնակների ելույթները մասնակիցներին բացառիկ հնարավորություն կընձեռի համաշխարհային նորարարական և տեխնոլոգիական լավագույն արդի փորձի փոխանակման համար, ինչպես նաև՝ մասնակիցը դառնալու առաջադեմ լուծումների բազմաբովանդակ հանդիպումների։ 

Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup (WWC) ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: Մրցույթում Հայաստանը կներկայացնեն Text'nPayMe և AllClean ստարտափները։ Հոկտեմբերի 7-ին կհայտարարվի նաև WITSA World Cup-ի հաղթող ստարտափի անունը։

«ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը կծառայի որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհաին հարթակ։