«Հայ Ֆեստ» կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը Երևանում անցկացվում է արդեն 22-րդ անգամ։ Այս տարի փառատոնի բացումն աննախադեպ էր. այն մեկնարկեց իտալական «էՎենտի Վերտիկալի» թատրոնի «Խորանարդ» բացօթյա կրկեսային ներկայացմամբ, որը կայացավ Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ Կասկադ համալիրի հարակից տարածքում։
Օդային շոուն, որը հայ հանդիսատեսին ներկայացրին իտալացի արտիստներ Գայա Պասկոլոն, Սյուզաննա Դեֆրայան, Վալերիա Ուգոն եւ Ֆրանչեսկա Վենտուրին, մոտ 40 րոպե հանդիսատեսին պահեց անհանգիստ հիացմունքի մեջ։ Ներկայացման բեմադրիչը Անդրեա Պիալինին է։
Բեմականացումից հետո պարուհիները կիսվեցին իրենց հույզերով ու տպավորություններով։ Արտիստներն առաջին անգամ են Երեւանում, այսօր արդեն մեկնում են, շատ բան չեն հասցրել տեսնել, բայց ասում են՝ Երևանը շատ գեղեցիկ է՝ հատկապես բարձունքից։
«Տեսարանը հրաշալի էր, նաեւ հրաշալի էր տեսնել այսքան մարդու, ովքեր եկել էին մեր շոուն դիտելու, վերեւում լինելը հիասքանչ է:Մենք առաջին անգամ ենք Երևանում, եւ այն մեզ շատ է դուր գալիս, շատ ժամանակ չենք ունեցել զբոսնելու, բայց այն, ինչ տեսել ենք, գեղեցիկ էր»,-նշեց Սյուզաննան։
Աղջիկները նշում են՝ բարձրությունը ռիսկեր է պարունակում, բայց վերևում լինելն իրենց դուր է գալիս։ «Շատ ենք կենտրոնանում, քանի որ, իսկապես, բարդ շոու է, բայց մեծ բավականություն ենք ստանում այս ամենից, չնայած՝ ներկայացման ընթացքում հնարավոր է լինեն շատ անկանխատեսելի բաներ, քանի որ մենք անդադար շարժման մեջ ենք: Մարտահրավերները շատ են, բայց օդում լինել կարողանալը մեծ պարգև է»:
Արտիստները հասցրել են փորձել նաեւ հայկական ուտեստներ, ասում են՝ հավանել են, հատկապես, համեմով պատրաստված ճաշատեսկները։ Հայաստանն իրենց շատ է դուր եկել, ինչը նրանց խոսքով՝ լավ առիթ կհանդիսանա, որպեսզի հետագայում վերադառնան։
«Հայ ֆեստ»-ն այս տարի անցկացվում է «Երազանքների փառատոն» խորագրի ներքո։ Փառատենի հիմնադիր-նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքով՝ այս փառատոնն իրականացրել ու իրականացնում է ոչ միայն իր, այլև հայ թատերասերների երազանքները։
«Յուրաքանչյուր փառատոն փոխում է ոլորտը, իսկ երբ աջակցությունն էլ ավելի համակարգված է ու քաղաքը հասկանում է, թե ինչպես է մշակույթը մարդկանց լրացնում, մշակութային իրադարձությունների կարեւորությունն ավելի է ընդգծվում, դրանով կարևորում եմ նաև փառատոնների դերը մեր երկրում: 22 տարին շատ լուրջ շրջան է, եւ շնորհիվ մեր հանդիսատեսի ու հետաքրքրված մարդկանց՝ մենք շարունակում ենք երազել ու երազանքները դարձնել իրականություն: «Հայ ֆեստը» միշտ լի է նորամուծություններով, որոնցով փորձում ենք զարգացնել փառատոնը: Այս տեսակի ներկայացում փառատոնի շրջանակում դեռևս չէր եղել: Շատ բարդ է, բայց մենք կարողացանք այն իրականություն դարձնել»,-հավելեց նա։
Փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը։ Այս տարի արտասահմանյան մասնակից երկրները 18-են, որոնց թվում են՝ Իտալիան, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Լեհաստանը, Բելառուսը և այլն։ Ծրագրում ընդգրկված են նաև հայկական և իրանական թատրոնների ներկայացումներ։ Փառատոնի ընդհանուր մասնակիցների թիվը 100-ից ավել է։
Այս տարի «Հայ ֆեստ»-ի շրջանակում կցուցադրվեն ներկայացումներ՝ Գասպար և Պարողներ թատրոնի «Կոստյում Լինդա» (ԱՄՆ), Գորկի + Մոսկվայի Արվեստի Փառատոնի թատերական նախագծի «Արթնացեք» (Ռուսաստան), Մարկոցի Ժամանակակից Թատրոն «Մսագործը» (Գերմանիա), Կատանարի թատրոն «Տուն-Կղզի» (Չեխիայի Հանրապետություն), բացօթյա ներկայացումներից Էլ՝ Գոմայի «Ատարի Շոու» (Գերմանիա), ՊՅՈՏԵՐ «Մեղքեր Խժռողը» (Լեհաստան)։