17 օրով արդարադատության փոխնախարարի քաղաքական պաշտոն
զբաղեցնելուց հետո Սիրվարդ Գևորգյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ քայլը
նա պատճառաբանում է ինչ-որ «խարդավանքներով», որոնք իբրև թե հաղթեցին։ «Խարդավանքները
հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի
տեղակալի պաշտոնից»,- գրել է նա, ապա մանրամասնել թե ինչքան շատ է սիրում իր աշխատանքն
ու ինչքան շատ էր ինքը պետք մեր
իրավապահ համակարգին։ Տիկին Գևորգյանը կրկին չի մոռացել հատուկ շնորհակալություն հայտնել
Նիկոլ Փաշինյանին իրեն 17 օրով
փոխնախարարի պաշտոնը վստահելու համար։
Ինչպես հայտնի է Գևորգյանը ՔՊ շրջանակներից անթիվ քննադատությունների արժանացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր՝ Գայանե Քոչարյանի հետ, նախագահի գիրքը ձեռքին նկարվելու համար։ Թեև նորանշանակ փոխնախարարը մանրամասն պատմեց բացատրեց, որ Գայանեն իր կուրսընկերն է, հանդիպումը եղել բոլոր կուրսեցիների հետ, ամեն կերպ արդարացավ, բայց թիմակիցներն իրեն ոչ միայն չներեցին, այլև՝ թիմի ներսում ստորգրահավաք սկսվեց՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու պահանջով։
Այն, որ Ռոբերտ Քոչարյանի նույնիսկ ստվերն է կանգնած այս իշխանության կոկորդին
և թիմից որևէ մեկի նրա հետ ասոցացվելը դատավիճռ, կարմիր գիծ է և հրապարակային պարսավանքի
է արժանանանում, արդեն մի քանի անգամ տեսել ենք տարբեր օրինակներով։ Նույնիսկ հասարակությանն
են համոզել դրանում։ Օրինակ՝ Երևանի նախկին
քաղաքապետ Հայկ Մարությանի անունը հենց կապեցին Քոչարյանի հետ, առանց բացատրության
իրավունքի հեռացրին։ Նունիսկ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի և Քոչարյանի
հանդիպման սուտը օգնեց քաղաքական ինչ-որ դիվիդենտներ շահելու հարցում։
Ռոբերտ Քոչարյանն իր գործունեության ճիշտ և սխալ տարրերով այսօր էլ քաղաքական դաշտում մեծ դերակատարում ունի ու դրա հետ հաշվի են նստում բոլորը, այդ թվում՝ նաև ներկա իշխանությունը։ Բայց, անկախ նրանից, թե ով ինչ կերպ է վերաբերում Քոչարյանին, դժվար է նրա գործած «մեղքերը» համեմատել Թուրքիայի նախագահ Էրդողանի հայասպան քաղաքականության հետ։
Եթե փոխնախարարին ՔՊ-ականներն անարգանքի սյունին են գամում՝ Քոչարյանի գիրքը ձեռքին
նկարվելու համար, իսկ անձամբ Էրդողանից, Թուրքական տանը, Էրդողանի թուրքական արդարության
մասին գիրքը նվեր ընդունելու և անչափ գոհ ժպտալու համար ինչո՞ւ թիմակիցների կողմից
հանրային պարսավանքի չի ենթարկվում Փաշինյանը։ Եթե փոխնախարարին և նրա նշանակումն առաջարկող
նախարարից հրաժարական են պահանջում, ապա ինչո՞ւ այդ նույն հրաժարականը Փաշինյանից չեն
պահանջում։ Հենց այսպիսին են այս իշխանության երկակի ստանդարտները։









