Foto

24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Մելս Մ․-ն իր վարած «Mercedes CLS» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին ապա բախվել մրգի արկղերին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է շտապօգնության և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Խաչատուր Էլոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սանասար Պետրոսյանը և Զոհրաբ Թորոսյանը։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։